Ահազանգ. խախտվում է արդար դատաքննության իրավունքը
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որում մտահոգություն է հայտնում Պերմյակովի գործով ռուսական բազայում արտագնա նիստի կապակցությամբ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2015 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը կայանալու է ՌԴ 102-րդ ռազմաբազայում, ինչը Դատարանը հիմնավորել է ամբաստանյալի՝ ՌԴ կայազորային կալանատանը գտնվելու հանգամանքով, որտեղ նա իր պատիժն է կրում:
Ինչպես նշված է Դատարանի վերոնշյալ որոշման մեջ, այդպիսով հնարավոր կլինի ապահովել ամբաստանյալի ներկայությունը դատական նիստերին և երաշխավորել նրա արդար դատաքննության իրավունքի իրացումը: Եթե դատելու լինենք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի սույն որոշման տրամաբանությամբ, ապա պետք է ենթադրել, որ բոլոր այն դեպքերում, երբ ամբաստանյալները գտնվել են Հանրապետության տարածքում գտնվող քրեակատարողական հիմնարկներում, որտեղից նրանք բերվել են դատարանի դահլիճ՝ մասնակցելու դատական նիստերին, խախտվել է վերջիններիս արդար դատաքննության իրավունքը:
Զորամասի կալանատանը Պերմյակովի գտնվելու հանգամանքը ՀՀ կողմից Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունների բացահայտ խախտում է: Անձը, այնտեղ գտնվելով, փաստացի զրկված է օրենքով սահմանված իր մի շարք իրավունքների իրացումից: Պերմյակովի դատավարությունը զորամասում անցկացնելու հանգամանքը ապօրինի է, որը կնպաստի անարդյունավետ քննության անցկացմանը, և միակ ամբաստանյալ Վ. Պերմյակովը կաշկանդված կլինի իրականության վերաբերյալ ցուցմունք տալ դատարանին: