27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը թեւակոխում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման համաձայնագրի ստորագրման փուլ. Ա. Բաղդասարյան

Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 14-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` ՀՀ-ԵՄ համագործակցության վերջին զարգացումների եւ կարեւորագույն ձեռքբերումների, մասնավորապես` ՀՀ-ԵՄ Ասոցացման, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի եւ վիզաների դյուրացման մասին համաձայնագրերի ուղղությամբ, ինչպես նաեւ 2013թ. 1-ին եռամսյակի ընթացքում կատարվելիք աշխատանքների եւ ծրագրերի ներկայացումը, ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2012-2013թթ. միջոցառումների ցանկի 2012թ. 4-րդ եռամսյակի կատարողականի` ՀՀ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքների ամփոփ ներկայացումը:

Արթուր Բաղդասարյանը իր խոսքում մասնավորապես նշեց.”Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը 2012թ. արդյունավետ ընթացք ունեցավ: Քաղաքական համագործակցության առումով մեր հարաբերությունները զարգացան դինամիկ տեմպերով: 2013թ. ավարտին արդեն, համաձայն ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզի, մենք Եվրամիության հետ կարող ենք հասնել Ասոցացման պայմանագրի ստորագրմանը: Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ընթացքը նույնպես դրական է: Շուրջ 3300 ապրանքատեսակներ, GSP+ համակարգի համաձայն, կարող են Եվրոպական Միություն արտահանվել առանց մաքսավճարների, եւս 3700 արտադրատեսակներ կարտահանվեն նվազեցված սակագներով: Սա շատ կարեւոր նշանակություն ունի մեր տնտեսության զարգացման համար”:

Արթուր Բաղդասարյանը արձանագրեց, որ զգալի առաջընթաց է գրանցվել երկկողմ համագործակցության բոլոր ոլորտներում` մասնավորապես ավարտին են հասցվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար մի շարք կարեւորագույն նախաձեռնություններ: Մասնավորապես 2012թ. դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Հայաստան- Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 13-րդ նիստի ընթացքում ստորագրվել է ՀՀ համար կարեւոր 2 համաձայնագիր` ԵՄ հետ մուտքի վիզաների դյուրացման համաձայնագիրը եւ ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցության վերաբերյալ Շրջանակային համաձայնագրի արձանագրությունը. “Արդարադատության,  ազատության եւ անվտանգության ոլորտներում համագործակցության արդյունքում ԵՄ-ն ՀՀ-ի հետ ստորագրեց վիզաների դյուրացման համաձայնագիր, որի արդյունքում այս տարվանից սկսած մեր քաղաքացիների 16 տարբեր սոցիալական խմբեր եվրոպական երկրներ կայցելեն առանց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների,  վիզաների գների նվազեցման եւ արտոնյալ ռեժիմների գործադրման միջոցով”,- նշեց Արթուր Բաղդասարյանը:

Հայաստան-Եվրամիություն համագործակցության կարեւորագույն առաջնահերթություն շարունակում են մնալ ՀՀ-ԵՄ Ասոցացման, Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի եւ ռեադմիսիայի համաձայնագրերի կնքման գործընթացները:

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը թեւակոխում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման համաձայնագրի ստորագրման փուլ եւ 2012-2013թթ. գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումները պետք է սահմանված ժամկետում եւ ամբողջությամբ իրականացվեն:

Միջգերատեսչական հանձնաժողովն արձանագրեց, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրման մասով բավականին առաջընթաց կա, աշխատանքները նորմալ տեմպերով իրականացվում են, ինչն էլ հիմք է տալիս ենթադրել, որ 2013թ. վերջին համաձայնագիրը կստորագրվի:

Նիստում Միջգերատեսչական հանձնաժողովի անդամերը հանդես եկան իրենց գերատեսչությունների մասով կատարված աշխատանքների մասին զեկույցներով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ