Ապահով Հայաստան բոլորն են ուզում
Հանրապետության նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հերթական հանդիպումն անցկացրեց Գորիսում: Այստեղ նա իր խոսքում մասնավորապես անդրադարձավ ՏԻՄ լիազորություններին եւ իրավասությունների զարգացմանը: Նախագահի թեկնածուն իր աշխատանքի ընթացքում համոզվել է, որ ՏԻՄ-երը միջոցներ չունեն իրենց առջեւ դրած խնդիրները լուծելու համար:
Իր խոսքում նախագահը կարեւորեց նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումը: “Չեմ ուզում առաջ ընկնել, բայց բոլոր նախադրյալները կան, որ էս տարի ճանապարհը բաժանվի տարբեր հատվածների եւ միաժամանակ սկսվի կառուցել: Դա կենսական նշանակություն ունի”,-ասաց Սերժ Սարգսյանը:
Նա իր խոսքում անդրադարձավ հայ-ադրբեջանական հակամարտությանը` նշելով, որ սյունեցին, հատկապես գորիսեցին, գիտի խաղաղության գինը եւ ինչ է նշանակում երկրի անվտանգությունը: “Մենք ոչ մեկին թշնամի չենք համարում, բայց կդիմակայենք բոլոր նրանց, ովքեր մեզ իրենց թշնամին են համարում”,-ասաց Սերժ Սարգսյանը: Նա համոզված է, որ սյունեցիների մեծ մասը պատրաստ է մի քիչ վատ ապրել, քիչ կերակրել իր զավակին, որպեսզի զինվորը լավ սնվի:
Նախագահի թեկնածուն իր խոսքում անդրադարձավ նաեւ կրթության, առողջապահության եւ արդարադատության ոլորտներին եւ նշեց, որ բարեփոխումներ անպայման արվելու են:
Նախագահի թեկնածուն փաստեց, որ իր ծրագիրն այն է, ինչ բոլորն են ուզում` առողջություն, խաղաղություն, բարեկեցություն, տնտեսության զարգացում եւ անվտանգություն: “Սա է ապահով Հայաստանը, որին ձգտում ենք բոլորս”: