96-ին գնացի, չհասցրեցի … Բագրատյանին այնքան էլ ջերմ չհիշեցին /ֆոտո, վիդեո/
Արդեն մեկ ժամ է`Վերին Արտաշատ գյուղում իր քարոզարշավն է սկսել ՀԱԿ խմբակցության պատգամավոր, “Ազատություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը: Նախ ներկայացվեց Հրանտ Բագրատյանի կենսագրականը, ապա հավաքվածներին բացատրվեց, թե ինչ է Բագրատյանը կատարել իր` վարչապետ եղած տարիներին:
Ինչպես տեղից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, հավաքվածների թիվը մոտ 50 է: Henaran.am–ի հետ զրույցում գյուղացիներն այդքան էլ ջերմորեն չհիշեցին նախագահի թեկնածուի վարչապետության տարիները:
“Մենք ոչ մի հույս էլ չունենք, ոչինչ էլ չի փոխվելու, ոչ մի անգամ հայ գյուղացու վիճակը լավ չի եղել”,-մեր թղթակցի հետ զրույցում ասացին վերինարտաշատցիները: ”Խաղողագործության մեր փողերը վերցրին, տարան, բանկ դրին, հիմա ուր է: Ինքը լավ տնտեսագետ է, բայց եսիմ”,-շարունակեցին նրանք: Հարցին, թե որևէ թեկնածուի հետ հույսեր կապում են, մեր զրուցակիցներն ասացին` այո, սակայն չցանկացան հայտնել, թե ով է իրենց նախընտրելի թեկնածուն:
15:43
Այուհետեւ Հրանտ Բագրատյանը ներկաներին պատմեց, թե ինչպես է բարեփոխելու երկիրը եւ հենց Վերին Արտաշատը: Վերամշակման կոոպերատիվի միջոցով, ըստ Բագրատյանի, երկու-երեք տարի հետո գյուղացիները կունենան հող, կդառնան բաժնետեր և իրենք կղեկավարեն իրենց ունեցվածքը: ՛՛96-ին գնացի, չհասցրեցի այս ամենն անել ձեզ հետ: Մենք ուզում ենք փոխել այս վիճակը: Ես խոստանում եմ, որ միջին աշխատավարձը կարող եմ դարձնել 75 հազար դրամ՛՛,-ասաց պատգամավորը և հավելեց. ՛՛Ես ռեալիստ եմ: Ես ձեզ աշխատատեղ չեմ խոստանում, դուք եք ստեղծելու ձեր աշխատատեղերը՛՛:
Բագրատյանը նաև նշեց, որ ինքն այսօր նայել է իշխանության ծրագիրը, և իր կարծիքով, այդ ծրագիրը ոչինչ չի խոստանում: ՛՛Մյուս թեկնածուների մոտ սա իսպառ բացակայում է: Իմը ծրագիր է, ցանկությունների շարան չէ, թող մեծամիտ չթվամ, բայց եթե կարող են, թող գրեն:Ես գիտեմ՝ այս ընտրություններում հիմնական ինտրիգը, հիմնական պայքարը իմ ու նախագահի մեջ է լինելու՛՛,-ներկաներին հայտնեց նախկին վարչապետը: Ապա նախագահի թեկնածուն պատասխանեց վերինարտաշատցիների հարցերին:
Ի դեպ, Բագրատյանի հանդիպումը Վերին Արտաշատում կայացավ նաագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մոտ: