Զրպարտությունների շարքը թողեք. Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստանջյանին
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունները բոյկոտեցին «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի տարածքների բռնազավթումը եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը:
Քվեարկությունից առաջ Փոստանջյանը հայտարարեց. «Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ նա այլևս պահանջատեր չէ և այս օրինագծի վերաբերյալ կարծիք հայտնեց, որ նման օրինագծի ընդունման դեպքում ընկնելու է պատասխանատվության տակ եւ վախենում է այդ պատասխանատվությունը կիսել»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անջատեց Զարուհի Փոստանջյանը խոսափողը:
«Նման բան չի եղել, զրպարտությունների շարքը թողեք: Ես հայտնում եմ ՀՀԿ խմբակցության տեսակետը: Որպեսզի ձեզ չվիրավորենք, որոշել ենք այդ անհեթեթ որակումներով ձեր շարադրանքը, որը մեր ազգային երազանքն է, բայց ոչ օրենքի խնդիր, քվեարկությանը չմասնակցել»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունը նույնպես չի մասնակցում քվեարկությանը:
Օրինագծին կողմ քվեարկեց 8, դեմ՝ 1, ձեռնպահ 2 պատգամավոր, օրինագիծը չընդունվեց: