Արթուր Բաղդասարյանը դատապարտեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, գովաբանեց Փաշինյանին
“Henaran.am”-ն արդեն տեղեկացրել է, որ ՕԵԿ 11-րդ արտահերթ համագումարին “Օրինաց երկիրը” հայտարարեց գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ելույթում անդրադարձավ այն հարցին, թե ինչու է ՕԵԿ-ը կայացրել այս որոշումը եւ որոշ քաղաքական գնահատականներ հնչեցրեց: Արթուր Բաղդասարյանը նախ հիշեցրեց 2006-ին ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալը, նշեց, որ այդ քայլից հետո ՕԵԿ-ի հասցեին անընդհատ մեղադրանքներ հնչեցին` քաղաքական “խաղերի” մեջ մտնելու վերաբերյալ:
Այնուհետ Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու 2008-ին ՕԵԿ-ը կանգնեց իշխանության կողքին: “Իսկ ի՞նչ այլ որոշում պետք է ընդունեինք, եթե մեր երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին էր, թշնամին` թիկունքում:
Գնայինք արկածախնդրությա՞ն, ժողովրդին տանեինք բախումների՞, որի արդյունքում տեղի ունեցան այդ տհաճ եւ ողբերգական երեւույթները,-շեշտեց Արթուր Բաղդասարյանն ու շարունակեց,-ո՞վ է պատասխանատու մարտի 1-ի համար` այն առաջնո՞րդը, որն իր առանձնատնից չիջավ 2 կանգառ:
Հաստատ շարժման առաջնորդը Նիկոլ Փաշինյանը չէր, ոչ էլ մի քանի ազնիվ գործիչներ, որոնք հետագայում հայտնվեցին բանտերում”: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այդ որոշումից հետո ՕԵԿ-ին սկսեցին մեղադրել, որ ՕԵԿ-ը փոշիացրեց ժողովրդի ընդդիմադիր ձայները եւ նկատեց, որ նույն ՕԵԿ-ն էր, որ ավելի շատ ձայներ հավաքեց խորհրդարանական ընտրություններում, քան ՀԱԿ կուսակցությունները` միասին վերցրած:
Արթուր Բաղդասարյանը նշեց, որ վերջին 5 տարիներին այն ցեխը, որ շպրտեցին ՕԵԿ-ի երեսին, նույնպես տեղ չհասավ, եւ ՕԵԿ-ը կրկին ժողովրդի վստահությունն ստացավ: Նա շեշտեց, որ 2008-ին ՕԵԿ-ը հայտարարեց, որ առաջիկա 10 տարիներին ՕԵԿ-ը լինելու է Սերժ Սարգսյանի կողքին եւ չի փոխել իր դիրքորոշումը:
“Մենք եւ լավի տերն ենք, եւ թերությունների բեռն ենք առաջ տանում: Ասում ենք, որ սատարելու ենք եւ մի մարդու նման սատարում ենք”,-շեշտեց Արթուր Բաղդասարյանը: Իր ելույթում նա անդրադարձավ նաեւ ՕԵԿ-ի հետ համեմատողներին կամ համեմատվողներին: Նրա խոսքով` օրեսնդրական ոլորտում ՕԵԿ-ը 200-ից ավելի նախաձեռնությունների հեղինակ է, գործադիրում ՕԵԿ-ը անկաշառ է գործում: ՕԵԿ-ի հանրային տեսակը կապ չունի կրիմինալի եւ “ռազբորկաների” հետ, իսկ մարդկային տեսակը հիշաչար չէ եւ բանսարկություններ չի սարքում, եւ ինչպես ժողովուրդն է ասում` “տակից խաղեր չի տալիս”:
Արթուր Բաղդասարյանը շեշտեց, որ ի տարբերություն որոշ գործիչների եւ ուժերի` ՕԵԿ-ն “արջի ծառայություն” չի մատուցում: “Կան մարդիկ, ում համար շաբաթվա 7 օրը ուրբաթ է: Մենք մեր գործողությունները շիտակ ենք կատարում, մեզ հետ կարելի է ճանապարհ գնալ”,-նշեց նա:
Իր ելույթում Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներին եւ ձեռքբերումներին: Ինչ վերաբերվում է սպասվող նախագահական ընտրություններին, ՕԵԿ նախագահն ասաց. “Մենք ուզում ենք, որ այս ընտրությունները լինեն միջազգային չափանիշներին համապատասխան”:
Նրա խոսքով` այսօր խորհրդարանական 6 խմբակցութուններից 4-ը դեմ է կոալիցիային, բայց այն թեկնածուն, որին պաշտպանում է նա, ունի բավարար ներուժ, առանց որեւէ արջի ծառայության, լեգիտիմ ընտրվելու համար: Արթուր Բաղդասարյանը հավաստիացրեց, որ ՕԵԿ-ը ներգրաված է լինելու սպասվող ընտրական գործընթացներում` թե կազմակերպչական աշխատանքներում, թե` շտաբային:
“Մենք այն տեսակն ենք, որ անում ենք այն, ինչ ասում ենք”,-շեշտեց Արթուր Բաղդասարյանն ու հաջողություն մաղթեց գործող նախագահին առաջիկա ընտրություններում, ինչը դահլիճը ծափերով ողջունեց: