“Հայացքը”` “Հենարանին” եւ հակառակը
“Հայացք” օրաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանն արձագանքել է Henaran.am-ի “Ծառուկյանի ցուցակը” լուրին: Մասնավորապես նշվել է, որ Աղաբաբյանը ԲՀԿ համամասնական ցուցակում է ընդգրկվելու:
“Henaran.am կայքն այսօր կեղծ լուր է տարածել իմ մասին: Սա մանր խուլիգանություն եմ որակում, մանավանդ, որ կեսօրին լուրն “անհետացավ” կայքից: Իբր “հավաստի տեղեկություններով” ես ընդգրկված եմ ԲՀԿ համամասնական ցուցակում:
Տեղեկացնեմ, որ ես որեւէ կուսակցության անդամ չեմ եղել եւ այժմ էլ անկուսակցական եմ: Ի տարբերություն Henaran.am-ի “հավաստի” լուր տվողի` իմ մանկության երազանքը պատգամավոր դառնալը չէ:
Ես հարգում եմ բոլոր կուսակցություններին, այդ թվում եւ ԲՀԿ-ին, բայց որեւէ կապ չունեմ ԲՀԿ-ի եւ ոչ էլ որեւէ կուսակցության հետ: Ես զբաղվում եմ իմ սիրած գործով եւ երբեւէ մտադիր չեմ պատգամավոր դառնալ”,-գրել է Աղաբաբյանը` իր պատասխանում:
Խմբ. կողմից. Նախ նշենք, որ լուրը կայքից չի անհետացել: Պարզապես կայքի առաջնային մասում տեղադրվող լուրերը պարբերաբար փոփոխվում են, եւ հնարավոր է մեր գործընկերոջը շփոթության մեջ է գցել այդ հանգամանքը:
Թե որն է Աշոտ Աղաբաբյանի մանկության երազանքը, ինքը կիմանա, իսկ եթե այդ լուրը նա համարում է մանր խուլիգանություն, ապա իր իսկ խմբագրած թերթում հաճախ տպագրվող նյութերը կարելի է որակել կազմակերպված հանցավորության դեպքեր:
Ամեն դեպքում հարգելով մեր բոլոր գործընկերներին` մեկ անգամ եւս հիշեցնենք, որ Henaran.am-ը աշխատում է չխախտել որեւէ մեկի իրավունքները, պահպանում է կոռեկտության սահմանը, չպիտակավորելով որեւէ մեկին` առավել եւս կոլեգաներին: