ԱԺ խմբակցությունները լսումներից ձանձրացա՞ն. Դավիթ Հարությունյանը հորդորեց պատգամավորներին դահլիճ գալ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը քիչ առաջ պատգամավորներին հորդորեց ԱԺ նիստերի դահլիճ հրավիրել իրենց խմբակցությունների պատգամավորներին` նշելով, որ լսումները մոտենում են ավարտին:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ու շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ ընթանում են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ խորհրդարանական լսումներ: Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ հայտարարված ընդմիջումից հետո ԱԺ նիստերի դահլիճը սակավամարդ է:
Լսումների կեսից իրենց ելույթներից հետո, ԱԺ նիստերի դահլիճ չվերադարձան արտախորհրդարանական ընդդիմության` ՀԱԿ-ի եւ “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչները, ինչպես նաեւ խորհրդարանական ընդդիմության մի շարք պատգամավորներ:
Հիշեցնելով, որ մոտենում են եզրափակիչ ելույթները, Դավիթ Հարությունյանը նկատեց, որ խորհրդարանական խմբակցություններից 2-ը զրոյական ներկայացվածություն ունեն դահլիճում, մեկը` երկուական պատգամավորով է ներկայացված, մյուսը` մեկական եւ միայն ԱԺ ՀՀԿ խմբակցության 9 պատգամավորներն են մասնակցում լսումներին:
Նկատենք, որ ԱԺ ՕԵԿ խմբակցությունն ընդհանրապես չէր մասնակցում լսումներին, լսումների կեսից ԲՀԿ ներկայացուցիչները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը, ՀՅԴ-ից դահլիճում է միան Վահան Հովհաննիսյանը, իսկ “Ժառանգությունից” ներկա են միայն պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանն ու Լարիսա Ալավերդյանը, ինչպես նաեւ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ով հենց նոր ավարտեց իր եզրափակիչ ելույթը:
Ուշագրավ է, որ այս լսումները հրավիրվել են ԱԺ ՀՅԴ, “Ժառանգություն” եւ ԲՀԿ խմբակցությունների պահանջով: