Ախթալայում “ասողը” Սերոբի կի՞նն է
Ախթալայում կայացած ցանկացած ընտրությունների ելք որոշվել է Ախթալայի կոմբինատի աշխատակիցների քվեներով /այստեղ մոտ 600 աշխատող կա/, իսկ Ախթալան 3500 բնակիչ ունի:
Սա խնդիր է առաջացրել գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հայկազ Խաչիկյանի համար, քանի որ նրա հարաբերությունները կոմբինատի ղեկավարության հետ խիստ լարվեցին, երբ հաստաստվեց կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապղծության փաստը: Քաղաքում խոսում են, թե այս ամենում “Խաչիկյանների մատը խառն է”:
Ախթալայի բնակիչներից մեկը, ով չցանկացավ անունը հրապարակել, Henaran.am-ի թղթակցին փոխանցեց, որ կոմբինատը “Սերոբի դեպքից հետո խստացված ռեժիմում է աշխատում”: Տիկին Մադլենի /Մադլեն Թաշճյանը Սերոբ Տեր-Պողոսյանի կինն է/ կողմից ներքին հրահանգ կա` քաղաքական չեզոքություն պահպանել:
600 աշխատակիցներ սպասում են տիկին Մադլենի խոսքին: Վերջինս էլ սպասում է, թե արդյո՞ք կփոխվի ամուսնու պատժաչափը: Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել են 15 տարվա ազատազրկման, եւ վճիռը բողոքարկվել է: Այս օրերին նրան վիրահատել են: Մանկապիղծի մոտ աղիքային ուռուցք է:
Ի դեպ, Ախթալայի քաղաքապետը սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է, ով, ախթալեցիների խոսքով` “քիչ բան չի արել քաղաքի համար”: Բայց հիմա ախթալեցիները խուսափում են Խաչիկյանի հետ դեմառդեմ դուրս գալ: Կոմբինատի աշխատակիցները վախենում են բարեւել Խաչիկյանին, ասում են` հանկարծ լուրը կհասնի տիկին Մադլենին եւ նրանք կդառնան գործազուրկներ: