28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Փոխըմբռնման հուշագիր` հանուն ՄԿՈՒ-գործատու հարաբերությունների ակտիվացման

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ “Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միություն” հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է նախնական  (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) բնագավառում ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության խթանումն  ու աշխատաշուկայի իրական կարիքների բացահայտումը:

Վերջինս կնպաստի շրջանավարտների մրցունակության բարձրացմանն ու  արժանապատիվ զբաղվածության ապահովմանը:
Հուշագրով նախատեսվում է աջակցել դեռահասների եւ երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաեւ նպաստել  համապատասխան ուսումնական ծրագրերի կատարելագործմանը` ըստ աշխատաշուկայի պահանջների:

ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ կրթական բարեփոխումների գործընթացում մասնավոր հատվածի եւ սոցիալական գործընկերների ներգրավումը համարվում է գերակայություն: “Կրթական ոլորտում դժվար է պատկերացնել առաջընթաց առանց մասնավոր հատվածի ներգրավման, քանի որ դրա շնորհիվ ամրապնդվում է աշխատաշուկա-կրթություն կապը, երիտասարդ կադրերի համար ստեղծվում են նոր աշխատատեղեր”,- նշել է Ա. Աշոտյանն ու հավելել. “Լավ մասնագետը միշտ շահույթ է բերում գործատուին:

Մասնավոր հատվածը պետք է շահագրգիռ լինի ներդրումներ կատարել կրթական համակարգում, որպեսզի հետագայում երիտասարդ մասնագետները իրենց կարողությունները ներդնեն տարբեր ոլորտներում՝ համապատասխան ձեռնարկությունների համար ապահովելով շահույթ, որն էլ կնպաստի երկրի տնտեսության զարգացմանը”: Նախարար Ա.Աշոտյանը նշել է  նաեւ, որ համագործակցության արդյունքում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից մեկում  փորձնական ծրագիր կիրականացվի,  համատեղ ծրագրեր  են նախատեսվում նաեւ  բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում:
“Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միություն” հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանը, կարեւորելով նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) բնագավառի ուսումնական հաստատությունների հետ  համագործակցությունը, նշել է. “Մեր նպատակն է իրական դարձնել պահանջարկի ձեւավորումը տնտեսությունում: Դիվերսիֆիկացող տնտեսությունում, ինչպիսին մերն է, հաճախ միջին մասնագիտական կադրերի խիստ պակաս է առաջանում: Ուստի մասնավոր հատվածը չի կարող հույսը դնել միայն պետության վրա, այլ պետք է ֆինանսական ներդրումներ իրականացնի հետագայում համապատասխան որակյալ կադրեր ունենալու համար”:
Պիլոտային ծրագրի շրջանակներում ինչպես քոլեջների, այնպես էլ բուհերի ուսանողների համար տարբեր ձեռնարկություններում կկազմակերպվեն ուսումնական պրակտիկաներ:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ