Մարսի վրա նոր երկրաշարժի հետքեր են գտել /վիդեո/
“Mars Reconnaissance Orbiter” կայանից արված լուսանկարներում գիտնականները Մարսի մակերեւույթի վրա հայտնաբերել են նոր երկրաշարժերի հետքեր, հաղորդում է “РИА Новости”-ն:
Լոնդոնի համալսարանի գիտնական Ջերալդ Ռոբերտսը հետազոտել է 2-20 մետր երկարությամբ քարի կտորներ, որոնցից մի քանիսը գլորվել են ժայռերի վրայից` թողնելով հետքեր հողի վրա:
Այդ հետքերի ուսումնասիրությունը, ինչպես նաեւ նրանց տեղահանման բնույթը ցույց է տալիս, որ նրանց ընկնելու պատճառը սեյսմիկ ակտիվությունն է:
Ընդ որում` ընկնող քարի կտորների չափսերը եւ քանակն աճում են դեպի կենտրոն շարժվելու ընթացքում: Քարի կտորների թողած հետքերը վկայում են, որ երկրաշարժը տեղի է ունեցել համեմատաբար վերջերս, քանի որ հակառակ դեպքում քամին դրանք շուտ կվերացներ:
Սեյսմիկ ակտիվության գործոնը կարող է կարեւոր լինել կյանքի նշաններ փնտրելու համար: Երկրաշարժերը կարող են վկայել հրաբխային ակտիվության մասին` ստորգետնյա տաքության, ինչն էլ նշանակում է, որ մշտական սառնամանիքի մեջ գտնվող ընդարձակ տարածքներ կարող են որոշ շրջաններում հալվել` ստեղծելով կյանքի համար նպաստավոր պայմաններ: