Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, ըստ Միքայել Դանիելյանի
Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն այսօր ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին կազմակերպության ամենամյա իրենց զեկույցը, որտեղ նշվում է, որ մարդու իրավունքների առումով Հայաստանում դրական զարգացում չկա:
Միքայել Դանիելյանի խոսքով, զեկույցում անդրադարձ կա բանակի խնդիրներին, ինչպես նաեւ ՔԿՀ-ներին: Իրավապաշտպանն ասել է, որ այս տարի բանտերում մոնիտորինգ իրականացնելն իրենց չի թույլատրվել: “Արդարադատության նախարարը նամակով արգելել է մեզ այցելել ՔԿՀ-ներ: Դրա համար էլ գնացինք ուրիշ ուղիով. հավաքեցինք վերջին երկու տարիներին ազատ արձակված բանտարկյալների, որոնց էլ առաջարկեցինք մի հարցաշար` բանտերում տիրող իրավիճակի մասին”,-ասել է նա ու հայտարարել, որ վիճակը բանտերում չի փոխվել:
Իրավապաշտպանը հայտարարել է, թե ՔԿՀ-ներում բարեփոխումներ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում:
Միքայել Դանիելյանը նշել է, որ մտքի, խղճի եւ կրոնի ազատության առումով եւս վիճակը Հայաստանում մխիթարական չէ: Նրա ներկայացմամբ, այս տարվա հունվարի դրությամբ, ՔԿՀ-ներում են գտնվում 58 “Եհովայի վկաներ”, ովքեր իրենց կրոնական համոզմունքների պատճառով հրաժարվել են ծառայել ՀՀ զինված ուժերում: “Մենք նրանց ներկայացնում ենք որպես խղճի գերիների: Միանշանակորեն, խղճի գերի ենք համարում նաև ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին”,-հայտարարել է իրավապաշտպանը: