28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հանրային Խորհրդի որոշումը` Մաշտոցի պուրակի հետ կապված

Այսօր Հանրային Խորհրդի նիստում քննարկվել է վերջին օրերի մայրաքաղաքի ամենասուր հարցերից մեկը` Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման եվ հասարակության բողոքի հարցը: Քաղաքապետարանից ներկա էին իրավաբան Սամվել Կիրակոսյանը եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Հանրային Խորհրդի անդամները քաղաքապետարանի ներկայուցիչներին հղեցին մի շարք հարցեր, ‘’Ինչու՞ այդ կրպակները չմնացին Աբովյան փողոցում, եթե պետք է առավել վատ լուծում տրվեր այդ հարցին ու տեղափոխվեր Մաշտոցի պուրակ, ինչու՞ կրպակների տեղափոխման նախագիծը էկոլոգիական փորձաքննություն չի անցել,  ինչու՞ այլընտրանքային լուծումներ չեն առաջարկվել քաղաքապետարանի կողմից, ինչու՞ այս թեմայով լսումներ չեն եղել’:

Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի խոսքով` այն կրպակները, որոնց պայմանագրի ժամկետը լրացել է, ապամոնտաժվել են, իսկ այն կրպակները, որոնց պայմանագրի ժամկետը չի լրացել, թույտվություն է տրվել տեղափոխվել Մաշտոցի պուրակ, քանի որ քաղաքապետարանը պարտավորություններ ունի այդ կրպակատերերի նկատմամբ:

‘Կրպակաշարի սեփականատերը քաղաքապետարանն է, Մաշտոցի պուրակը նույնպես քաղաքապետարանի սեփականությունն է: Եվ քաղաքապետարանը վարձակալության հիմունքներով  7-ից 10 տարի ժամկետով տալիս է թույլտվություն սեփականության իրավունք եւ պայմանագիր ունեցող կրպակատերերին’,- ասաց Նարեկ Սարգսյանը` միաժամանակ նշելով, որ այդ կրպակները գործելու են մինչեւ ‘Հին Երեւան’ նախագիծը սկսելը, այսինքն 3-4 տարի:

Նրա խոսքով` խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ նույնպես քննարկվել են, սակայն Աբովյան փողոցի մաքրելը ավելի է կարեւորվել, քան Մաշտոցի պուրակի հարցը, եւ Երեւանի գոտեվորման նախագծով քաղաքապետարանը կարող է այգիներում վարձակալությամբ տրամադրել այգիների 10 տոկոսը:

‘Մենք դեռ չունենք նախագիծ, թե այդ կրպակներում ինչ է վաճառվելու, միգուցե որոշվի, որ այդտեղ գրքե՞ր են վաճառվելու, այլ ոչ` հագուստ’,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Քաղաքապետարանը ներկայացնող իրավաբանի խոսքով` առկա է գրանցված սեփականության իրավունք, եւ քանի դեռ կա այդ իրավունքը` այն պաշտպանվում է օրենքով եւ Սահմանադրությամբ:

‘Հանուն կայուն մարդկային զարգացման’  ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն հարցրեց գլխավոր ճարտարապետին. ‘Ովքեր են այդ կրպակատերերը, կարող եք տալ նրանց անունները: Միգուցե նրանք այնքան բարի կամք կունենան, որ կհամաձակնվեն ուրիշ տեղ տեղափոխվել’: Նրա խոսքով` բողոքող երիտասարդությունը չի վստահում քաղաքապետարանին, քանի որ խաբվել են ու վիրավորվել, ահա ինչու չեն ուզում ոչ մի քննարկման մասնակցել:

Մաշտոցի այգու համար պայքարող ակտիվիստները չեն համաձայնել մասնակցել Հանրային Խորհրդի քննարկումներին, այնուամենայնիվ  նրանցից մեկը ներկայացել էր: Նրա խոսքով` երիտասարդները վիրավորված են, քանի որ խնդրի վերաբերյալ չեղան հանրային լսումներ, չտեղադրվեցին ցուցանակներ:

‘Մաշտոցի այգում 15սմ-ոց երկաթբետոնե հիմք կա արդեն, ինչը նշանակում է, որ այդտեղ հսկայական կապիտալ շինարարություն է իրականացվելու’,- ասաց ակտիվիստը:

Հանրային Խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկությունը խնդրի վերաբերյալ ծափողջույններով ընդունվեց բոլորի կողմից: Նա առաջարկում է` ավելի լավ է փոխհատուցել կրպակատերերին, քան վտանգի տակ դնել գլխավոր պողոտաներից մեկն ու կանաչ այգիներից մեկը:

‘Եթե քաղաքապետարանը գնար փոխհատուցման ճանապարհով, ապա հավատացնում եմ, փոխհատուցման հաշվարկները հաշվելուց հետո, կտեսնեիք, որ հնարավոր է, որ քաղաքապետարանը կարող է նույնիսկ կրպակատերերից գումար պահանջել’,- ասաց Խոսրով Հարությունյանը` նշելով, որ ամեն դեպքում, կանաչ տարածքները պետք է զերծ պահել ցանկացած կրպակից:

Ամփոփելով Հանրային Խորհրդի նիստը, Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նախ ակտիվիստին խնդրեց իր կոչը հասցնել մնացած բոլոր ակտիվիստներին, որ երբեք չպետք է նստել` ձեռքերը ծալած, որ արդարության համար պետք է միշտ պայքարել, ցույց անել, սակայն միեւնույն ժամանակ  գնալ երկխոսության ու մասնակցել քննարկումներին:

‘Սա միայն կրպակների հարց չէ: Սա շատ խորքային հարց է, որը կուտակվել է տասնյակ տարիների ընթացքում, եւ նպատակ ունի փրկել մայրաքաղաքը: Պարզ է, որ այդ թույլտվությունները, որ ունեն կրպակատերեը, անօրինական են: Եվ եթե քաղաքապետարանը չի կարողանում դատի տալ նրանց, ապա Հանրային Խորհուրդը կդիմի դատարան’,- ասաց Վազգեն Մանուկյանը: Նա նշեց, որ կոչ է ուղղելու ՀՀ նախագահին, ՀՀ կառավարությանը, քաղաքապետարանին, որ սկսվեն ակտիվ քննարկումներ այս խնդրի հետ կապված:

‘Կոչ եմ անում բանակցություններ սկսել ոչ միայն ակտիվիստների, այլ տարբեր կազմակերպությունների հետ: Կոչ եմ անում` մինչեւ այդ քննարկումները չավարտվեն, քաղաքապետարանը Մաշտոցի պուրակում չկառուցի որեւէ բան, սառեցնի ամեն ինչ’,- եզրափակեց Հանրային Խորհրդի նախագահը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ