29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հրայր Թովմասյանն իր անունը գրավ է դնում ու հայտարարում` օրենքում դավ չկա

“Ես չեմ ուզում հավատալ, որ քաղաքական ընդդիմության փաստարկները հենց այն էին, ինչ-որ կան, որովհետև, կներեք, դրանք թույլ էին”,-այսօր խորհրդարանում “”Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագծի շուրջ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ու հավելեց, որ ուզում է, որ երկրի ընդդիմությունը ուժեղ լինի:

Հիշեցնենք, որ օրինագիծը խորհրդարանական ընդդիմության եւ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի քննադատությանն արժանացավ: Վերջիններս դեմ են արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի ներգրավմանը:

Հրայր Թովմասյանն ասաց, որ ԱԺ դահլիճում հնչեցված շատ տեսակետներ նախընտրական երանգներ էին պարունակում, մինչդեռ օրինագծում դրված  խնդիրները շատ ավելի կարևոր են: “Ես ուզում եմ հավատալ, որ մեր ընդդիմախոսները, ինչպես մենք, մտահոգ ենք մեր երկրի վաղվա օրվա ինչպիսիությամբ”,-ասաց Հ.Թովմասյանը:

Նախարարը մեկ անգամ եւս հայտարարեց , որ արտակարգ դրությունը, բացի սահմանադրական կարգի պահպանումից , այլ նպատակի ծառայել չի կարող:  Հրայր Թովմասյանի խոսքով, շատերն այս օրինագծին մոտենում են ոչ հեռավոր անցյալի տխուր իրադարձությունների ազդեցության տակ եւ իրենցից անկախ` ենթատեքստ կամ դավ են տեսնում կառավարության կողմից:

“Ես սա հասկանում եմ եւ գնահատում եմ այդ մարդկանց մտահոգված լինելը, որեւէ կասկած չունեմ, որ իրենց մտահոգությունը բխում է երկրի շահերից, բայց ես իմ անունը դնում եմ որպես գրավ և հավաստում, որ չկա կառավարության կողմից որևէ դավ այս օրենքի ընդունման հետ կապված”,-հայտարարեց Հրայր Թովմասյանը:

Նա նշեց, որ ժամանակն է լինելու այս բանավեճի դատավորը: “Թող ոչ ոք չմտածի, որ այս օրինագծի հեղինակներից ավելի հայրենասեր է և ավելի մտահոգ է մեր երկրի վաղվա օրվա համար”,-եզրափակեց  արդարադատության նախարարը:

Նախագծի քվեարկությունը տեղի կունենա մարտի մեկին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ