Փոխվելու հավատը` պլագիա՞տ
՛՛ՀՀԿ կարգախոսը՝ ‘Հավատանք, որ փոխենք’, առաջացել է կուսակցական քննարկումների արդյունքում , գործընկերների ու մասնագետների հետ քննարկումների արդյունքում: Եղել են կարգախոսների մի քանի տարբերակներ, բայց ընտրել ենք հենց այս կարգախոսը, քանի որ այն բխում էր մեր ծրագրային ռազմավարությունից’,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀՀԿ կարգախոսի ձեւավորման եւ կարգախոսի շուրջ մամուլում տեղ գտած տարատեսակ մեկնաբանությունները:
Նրա համոզմամբ՝ կարգախոսը շատ հաջողված է, որը բնորոշում է այն ներքին եւ արտաքին մարտահրավերները, որոնց առջեւ կանգնած է հանրապետությունը:
‘Աշխարհը շատ արագ է փոխվում եւ կայուն մնալու համար շատ անհրաժեշտ է փոխվելու պատրաստակամությունը: Դա ես չեմ ասում, դա ինձանից ավելի խելացի մարդիկ են ասել, կոնկրետ՝ Ուինսթոն Չերչիլը: Ինչ վերաբերում է փոփոխություններին, ապա Հանրապետական կուսակցությունը այս տարիների ընթացքում ի շահ մեր հասարակության, իրականացրել է մի շարք բարեփոխումներ, ամրապնդել է պետության ինստիտուցիոնալ հիմքերը, արտաքին քաղաքականության մեջ հասել լուրջ հաջողությունների:
Սակայն հիմա անհրաժեշտ է, որ այդ բարեփոխումները սեփական մաշկի վրա զգա ամեն մի քաղաքացի’,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ամբողջ աշխարհում հաջողում են այն տերությունները, որոնց ղեկավարները գիտակցում են, որ վատ երեւույթների դեմ պայքարելու համար պետք է նախաձեռնեն այդ փոփոխությունները:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀՀԿ կարգախոսը վերցված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական կարգախոսից, Աժ փոխխոսնակը պատասխանեց.’Մամուլում շրջանառվում էր նաեւ այն, որ ՀՀԿ նախկին կարգախոսը՝ ‘Առաջ Հայաստան’ վերցված է իտալական ֆուտբոլային ‘Forca Italia’ կարգախոսից: Չեմ կարծում, որ այստեղ որեւէ պլագիատ կա, առհասարակ կարգախոս ընտրելիս մենք հիմքում դրել ենք մեր նախընտրական ծրագիրը, որը հավատով ուղեկցվող բարեփոխումների ծրագիր է, եւ կբերի դրական արդյունքներ’,- ասաց ՀՀԿ խոսնակը՝ հավելելով, որ հանրապետականները ուրիշների նման կարգախոս չեն ընտրում, նոր գրում նախընտրական ծրագիր, այլ նախ գրում են ծրագիր եւ ռազմավարություն, եւ դրանից ելնելով՝ ընտրում կարգախոս:
Է. Շարմազանովի խոսքով՝ մարդկությունը գիտի փոփոխությունների իրականացման երկու ճանապարհ՝ մեկը հեղափոխական, մյուսը՝ էվոլյուցիոն,եւ Հանրապետական կուսակցությունն ընտրել է էվոլյուցիոն ճանապարհը՝ գիտակցելով, որ բացասական երեւույթները արմատախիլ անելու համար պետք են փոփոխություններ:
‘Ես դեմ եմ ինքնանպատակ փոփոխություններին, բայց ի տարբերություն որոշ քաղաքական գործիչների ու կուսակցությունների, որոնք ամեն ինչ անում են մոդային տուրք տալու համար, հանրապետականները ամեն ինչ անում են հավատով, հավատով էլ գնում են փոփոխությունների, քանի որ առանց փոփոխության հնարավոր չէ հասնել ժողովրդավարության: Առանց փոփոխությունների բոլորս կլճանանք՛՛-համոզմունք հայտնեց ԱԺ փոխխոսնակը՝ զրույցը եզրափակելով Էյնշտեյնի խոսքերով.’Մեզ անհրաժեշտ է նոր մտածողություն, որ լուծենք այն պրոբլեմները, որոնք հին մտածողության արդյունք են’: