Ինչու հրաժարվեց մանդատից եւ ինչու է ուզում կրկին մանդատ ստանալ. Խաչատուր Սուքիասյանը խոսեց
Երկարատեւ ընդմիջումից հետո այսօր նախկին պատգամավոր, անկուսակցական, ՀԱԿ անդամ, “ՍԻԼ” կոնցեռնի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ հանդիպում ունեցավ եւ բացատրեց, թե ինչու ժամանակին հրաժարվեց իր մանդատից եւ այսօր առաջադրվում է:
”Այն մթնոլորտը, որ ստեղծվել էր, հնարավոր չէր լինի առաջ տանել այն ծրագրերը, որոնք նախատեսված էին: Այսօր հնաարվոր է թիմակիցներով հայտնվել ԱԺ-ում եւ օրենսդրական նախագծերով նպաստել ՀՀ մրցունակությանը”,-ասաց Խաչատուր Սուքիասյանը:
Հարցին, թե թիմակիցներ ասելով` ում նկատի ունի, Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց.”Թիմակիցների առաջին խումբը կլինեն ՀԱԿ-ի կողմից անցած պատգամավորները: Ես ՀԱԿ-ի հետ եմ”: Խաչատուր Սուքիասյանը միեւնույն ժամանակ հավելեց.” Եթե քաղաքական ուժը հասարակության կողմից ընկալվում է, ապա ես այդ քաղաքական ուժի նկատմամբ բարիդրացիական եմ: Նախկինում ԱԺ տարբեր քաղաքական կուսակցություններից շատ լավ ընկերներ եմ ունեցել, եւ նրանց հետ կապը պահպանվում է, անկախ նրանց կուսակցական պատկանելությունից”:Նա նշեց, որ ինքը միշտ տնտեսական քաղաքանությամբ է զբաղվել եւ ուզում է շարունակել իր գործունեությունը եւ նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում Խաչատուր Սուքիասյանը գործարար պատգամավորների առկայությանը խորհրդարանում, բանախոսը պատասխանեց.”Ես դրական կարծիքի եմ, շատ կուզենամ, որ տեղեկացված լինենք, թե այսօր ինչ մարտահրավերներ կան համաշխարային տնտեսական ճգնածամի արդյունքում: Տնտեսվարողների հայտնվելը ԱԺ-ում միայն դրական է, ցանկալի կլինի, որ նրանց միջից գրագետները ԱԺ-ում հայտնվեն, որոնք կզբաղվեն տնտեսական գործունեությամբ”:
Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ 20 տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում ճիշտ ժամանակին ճիշտ որոշում չի կայացվել եւ մենք որեւէ ոլորտում թռիչք չենք ունեցել:
Իսկ այն հարցին, թե ինչ նկատի ունի մթնոլոտի փոփոխություն ասելով, երբ իշխանության ղեկին կրկին նույն դեմքերն են, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց.”Ես նկատի ունեի մթնոլորտը փոխվել է, ժամանակին չկային ընտրություններ, եւ ես հաշվարկեցի, որ ոչինչ անել միայնակ չեմ կարող: Այսօր այն հակակշիռը, որ պետք է ՀՀ իշխանությանը ՀԱԿ-ն է, որը կարող է մրցունակ դարձնել եւ հակակշռել իշխանությանը”:
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում: