Շոու բիզնես, եկեղեցական բիզնես, թե մեկ այլ … ուզում են լծակներ ունենալ
Երբ մարդը գնում է իրական ընտրության, ապա ընտրում է կյանքի այս կամ այն տեսակը: Եթե ընտրությունների արդյունքում կյանքի որակական փոփոխություն չի լինելու, ուրեմն դա ոչ թե ընտրություն է, այլ պատրանք, ինքնախաբեություն: Այսօր այդ մասին Հենարան մամուլի ակումբում ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը:
Նրա համոզմամբ` իրական ընտրություն հայ ժողովուրդը միայն մեկ անգամ է կատարել` 1988թ-ին, երբ ընտրեց կյանքի ու կառավարման մի տեսակ, իսկ դրանից հետո բոլոր ընտրությունները իրական չեն:
Անդրադառնալով Հայաստանում սկսված քաղաքացիական ակտիվությանն ու պայքարին, Աշոտ Մանուչարյանն ասաց, որ այսօր ունենք երիտասարդության ապստամբություն, քանի որ այդ երիտասարդները չեն ուզում քաղաքական առեւտրի մեջ խրվել, այլ իրականում ուզում են ընտրել կյանքի ուրիշ տեսակ:
‘’Եթե ՀԱԿ-ը կամ “Ժառանգությունը”, կամ այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս կյանքի գոյություն ունեցող այս տեսակի դեմ, գոնե հիմա կարողանան մոբիլիզացնել երիտասարդության բողոքը, ապա հնարավոր է քաղաքացիական շարժումը վերածվի քաղաքական շարժման’’,- նշեց Աշոտ Մանուչարյանը` հավելելով, որ 2-3 տարի առաջ շատ լավ եւ մեծաթիվ երիտասարդություն էր գնում ՀԱԿ-ի հետեւից, սակայն ՀԱԿ-ը պահը բաց թողեց, եւ չկարողացավ մոբիլիզացնել այդ ուժը` իր նպատակներն իրականացնելու համար:
Ըստ բանախոսի, այսօր այդ ըմբոստ երիտասարդությունը ուզում է իրական ընտրություն կատարել, մինչ ավագ սերունդը փորձում է հարմարվել ու ծառայություն մատուցել իշխանություններին` իրենց տաքուկ տեղն ունենալու համար: Իսկ իշխանությունը թեեւ կարող է իմիտացիոն գործողություններ անել` ծաղիկ բաժանել, բարեգործություն անել եւ այլն, այնուամենայնիվ, չի կարող թույլ տալ, որ իր ձեռքից “խլեն հափշտակման հնարավորությունը”:
‘’Այսօր տեսակների պայքար է գնում, այլ ոչ` կուսակցությունների: Պայքարը գնում է ազնիվ-անաչառների եւ գող-ավազակների միջեւ: Այդ տեսակներից կան թե իշխանության, թե ընդդիմության մեջ: Սա նշանակում է, որ մեր հասարակության մեջ լուրջ տրանսֆորմացիա է գնում’’,- կարծիք հայտնեց Աշոտ Մանուչարյանը:
Բանախոսը նշեց, որ Մաշտոցի պուրակի համար պայքարողները բավական մաքուր շարժում են սկսել, եւ այն բավական անձնազոհ ձեւով է ընթանում: ‘’Դա է իրական քաղաքականությունը, քանի որ նրանք ուզում են փոխել կյանքը’’,- ասաց Ա.Մանուչարյանը:
Ինչ վերաբերում է շոու-բիզնեսի ներկայացուցիչների` Աժ անցնելու ցանկությանը, Մանուչարյանը նկատեց, որ այսօր բոլոր այն ուժերը, որոնք ներգրավվում են քաղաքական գործընթացներում, իրականում ուզում են տնտեսական լծակներ ունենալ:
‘’Այդտեղ կարող են լինել եւ շոու բիզնեսի, եւ եկեղեցական բիզնեսի, եւ այլ տեսակի բիզնեսներ: Դա բիզնես է, այդտեղ ոչ մի արվեստ կամ հոգեւոր արժեք չկա’’,- եզրափակեց բանախոսը: