ԼՂՀ հարցում ստատուս-քվոն չի կարող տեւական լինել. ԳԴՀ արտաքին գործերի նախարար
Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն չի կարող տեւական լինել, եւ ԵԱՀԿ ՄԻնսկի Խմբի շրջանակներում պետք է փնտրվի խաղաղ փոխզիջման տարբերակ: Այդ մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԳԴՀ արտաքին գործերի նախարար Գիդո Վեսթերվելլեն:
‘’ Այս ռեգիոնալ կոնֆլիկտի խաղաղ լուծումն այն է, ինչին մենք ձգտում ենք: ԼՂՀ-ի հարցում ԳԴՀ-ն անհրաժեշտ է համարում տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման սկզբունքների միջև հավասարակշռության պահպանումը’’,- ասաց նախարարը` հավելելով, որ իրենք աջակցում են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցմանը, որը պիտի քայլ առ քայլ առաջընթաց գրանցի:
Գերմանացի լրագրողի այն հարցին,թե ինչու առաջընթաց չի գրանցվում Ղարաբաղյան խնդրում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն նշեց, որ Սոչիում Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ կարեւոր հայտարարություն արվեց, թե ինչ քայլեր պիտի ձեռնարկվեն Ղարաբաղյան գործընթացում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ:
‘’ Սակայն Ադրբեջանը մերժում է այն պայմանավորվածությունները, ինչի շուրջ ընդհանուր հայտարարի են գալիս կողմերը: Մենք պայմանավորվում ենք մի բան, բայց հետո Ադրբեջանը հետ է կանգնում իր պայմանավորվածությունից: Ինչ-որ սկզբունքների շուրջ համաձայնություն ենք գալիս, բայց Ադրբեջանը ասում է` այո համաձայնության եմ գալիս, բայց ունեմ մի տասը փոփոխություն: Նման պայմաններում չի կարող առաջընթաց արձանագրվել Ղարաբաղյան խնդրում’’,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Անդրադառնալով Սիրիայի եւ Իրանի հանդեպ Գերմանիայի դիրքորոշմանը, ԳԴՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրեց այն դիրքորոշումը, որ բռնությունները Սիրիայում պիտի ավարտվեն, եւ այնտեղ միջազգային մարդասիրական օգնությունը պիտի հնարավոր դառնա:
‘’Մենք համոզված ենք, որ միջազգային սանկցիաները Իրանում պետք է շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը միջազգային կազմակերպությունների հետ հրաժարվում է համագործակցել: Մենք կարծում ենք, որ սանկցիաները Իրանում պիտի շարունակվեն, քանի որ չենք կարող ընդունել Իրանի ատոմային սպառազինումը’’,- ասաց ԳԴՀ արտաքին գործերի նախարարը:
Վերջում նախարարները ուրախությամբ ընդգծեցին,որ այս տարի լրանում է հայ-գերմանական հարաբերությունների 20 տարին, եւ կողմերը կարեւոր քայլեր են արձանագրել երկկողմանի դիվանագիտական, տնտեսական հարաբերություններում եւ իրավապայմանագրային դաշտում: