Սերժ Սարգսյանը կիսում է լայն հասարակության կարծիքը
ՀՀ նախագահի առարկությամբ ԱԺ վերադարձված “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր խորհրդարանին ներկայացրեց ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդունած օրինագիծը նախագահ Սարգսյանը չէր վարերցրել եւ հետ էր ուղարկել խորհրդարան` ներկայացնելով մի շարք առարկություններ:
Գառնիկ Իսագուլյանը ներկայացրեց ՀՀ նախագահի առարկություններն ու շեշտեց, որ հաշվի է առնվել լայն հասարակության կարծիքը: Հիշեցնենք, որ այս նախագծի դեմ հանդես էին գալիս բնապահպան ակտիվիստներն ու խորհրդարանական ընդդիմությունը:
Զարուհի փոստանջյանը Գառնիկ Իսագուլյանին դիմեց, թե կարող ենք հասկանալ, որ լայն հասարակության եւ իշխող կուսակցության շահերը համընկել են, թե արդյոք նախագահն այս օրինագծին ամբողջությամբ դեմ է: “Կարող ենք համարել, որ այս պարագայում մեր տեսակետները համընկնում են,-արձագանքեց Գառնիկ Իսագուլյանը:
“Ժառանգության” պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ հայտարարարեց, որ այս նախադեպն իրեն ոգեւորում է եւ նախագահը հաշվի է առել հանրության կարծիքը: “Սա պետք է նաեւ ոգեւորի ՀՀ նախագահին այն առումով, որ եթե իրենց լոզունգը` հավատանք, որ փոխենք, որը մենք ավելի ճիշտ ձեւակերպում ենք` փոխեք, որ հավատանք, կարող է օգտակար լինել, շատ հարցեր կան, որոնք նման վերաբերմունք են պահանջում”,-նշեց նա ու օրինակ բերեց Մաշտոցի այգու խնդիրը, որը եւս քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում է:
“Կարելի է դրական գնահատել այս քայլը”,-շարունակեց Անահիտ Բախշյանն ու հույս հայտնեց, որ ցանկացած հասարակական շարժում, որը բխում է մեր պետության եւ բնության շահերից, այսուհետ եւս նման ուշադրության կարժանանա: