“Գնամ մեռնեմ էլի, որ ԲՀԿ-ն ինձ հաղթի….”. Սասունը առաջադրվում է
Հրազդանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Սասուն Միքայելյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 25 ընտրատարածքում: Այն ընդգրկում է Հրազդան եւ Ծաղկաձոր քաղաքները, Աղավնաձոր, Ջրառատավան, Մարմարիկ, Բջնի, Մեղրաձոր, Հանքավան, Արտավազ, Քաղսի, Սոլակ, Լեռնանիստ գյուղական համայնքները: ՀՀԿ-ն այստեղ թեկնածու չունի, ԲՀԿ-ից արդեն առաջադրվել է 37-ամյա Դավիթ Քոչարյանը:
Henaran.am-ի այն հարցին, թե ինչու ՀԱԿ-ի կողմից չի առաջադրվել, ասաց. “Ես միշտ ինքնառաջադրմամբ եմ գնում….”: Իսկ թե ՀԱԿ-ի ցուցակում որ հորիզոնականն է զբաղեցնում` Միքայելյանն առայժմ չգիտի:
“Ինձ էլ չեն ասում, որ իմանաս կասես ինձ”,-մեր հարցին ի պատասխան ասաց թեկնածուն: Թերեւս այս ընտրատարածքում այլ առաջադրումներ չլինեն, ու նա պայքարելու է ԲՀԿ-ական թեկնածուի դեմ:
Արդյոք չի վախենում նորից պարտվելուց: “ՀՀԿ-ն ինչ արեց, որ ԲՀԿ-ն ինչ անի, ասա գնամ մեռնեմ էլի, որ ԲՀԿ-ն ինձ պիտի հաղթի…”,-Henaran.am-ի հետ հեռախոսազրույցը այսպես եզրափակեց Սասուն Միքայելյանը: