Ու՞մ վրա է հենվում ՀՀԿ-ն
ՀՀԿ համամասնական ցուցակը կազմելիս հանրապետականները մասնակիորեն առաջնորդվել են Հայաստանից դուրս գտնվող աշխարհաքաղաքական ուժերին ինչ-որ բան ապացուցելու նկատառումով: Այդ մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՌԱՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:
Նրա խոսքով` փորձ է արվում արտաքին ուժերին ցույց տալ, որ Հանրապետական կուսակցությունը ռեֆորմների գնացող կուսակցություն է, որ այն սերտաճած չէ օլիգարխիայի հետ, եւ ցուցակը կազմելիս շեշտը դրվել է ոչ թե` օլիգարխների, այլ ավելի շատ հասարակության կողմից ճանաչում ունեցող քաղաքական ու մշակութային գործիչների վրա:
‘’Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված քաղաքական գործիչներից ոմանք, օրինակ` Արտաշես Գեղամյանը, ժամանակին եղել են ընդդիմադիր: Ստացվում է, որ ՀՀԿ-ն վստահություն է վայելում անգամ այն քաղաքական գործիչների շրջանում, ովքեր ժամանակին հանրապետականներին քննադատել են’- նշեց Էդգար Վարդանյանը:
Նա ընդգծեց նաեւ, որ ՀՀԿ ցուցակով փորձ է արվում ազդել նաեւ այն մարդկանց վրա, ովքեր օլիգարխներին այդքան էլ չեն սիրում, բայց ընդդիմադիր էլ չեն:
‘’Օրինակ` Շուշան Պետրոսյանը երգչուհի է, եւ նրա արվեստը որոշակի սպառում ունի, ահա նրա բոլոր իներտ եւ օլիգարխներին չսիրող երկրպագուները կընտրեն Հանրապետական կուսակցությանը’’,- եզրափակեց փորձագետը: