Ազատ տնտեսական գոտու ստեղծումը ձգձգվում է
Չնայած Հայաստանի հարեւան երկրները վաղուց են ստեղծել եւ շարունակում են ստեղծել ազատ տնտեսական գոտիներ բարձր տեխնոլոգիական ոլորտների համար, Հայաստանում այդ գործընթացը նոր է սկսել, ու արդեն ձգձգման նշաններ է ցույց տալիս: Անցյալ տարվա սկզբներին ընդունվեց օրենքը, իսկ այս տարվա փետրվարին պարզ դարձավ, որ Մարս գործարանի եւ Մերգելյան ինստիտուտի ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը “Սիտրոնքիս Արմենիա” ընկերությունն է: Բայց դեռեւս բիզնես պլան չկա հաստատված, ու դա հաստատելուց հետո էլ դեռ 6 ամիս է պետք ազատ տնտեսական գոտու մեկնարկը տալուն:
Այսօր ակումբներից մեկում բանավեճ եղավ ՏՏ ոլորտի ու էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների միջեւ այդ հարցի շուրջ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, որ ՏՏ ոլորտի ձեռնարկությունների համար պահպանվում են անորոշությունները, որեւէ մեկը տեղյակ չէ ու չգիտի որտեղից տեղեկանալ, թե ինչ պայմաններ են առաջարկվելու ազատ տնտեսական գոտում:
Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Հովհաննես Ավետիսյանը պատասխանեց, որ հարկային արտոնություններ անպայման լինելու են, սակայն իրենք թույլ չեն տա ազատ տնտեսական գոտի մտնել այն կազմակերպություններին, որոնք պարզապես ցանկանում են խուսափել հարկերից: Բանավեճի մասնակիցները համակարծիք էին միայն մի բանում` ազատ տնտեսական գոտու ստեղծումը թեեւ կնպաստի արտասահմանյան կապիտալի մուտքին, սակայն տեղական ընկերությունները դրանից չեն տուժի: