Վարչապետը պատասխանեց Ծառուկյանին /վիդեո/
Այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանել է կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` կուսակցության համագումարին հնչեցրած կոշտ հայտարարությունները, որտեղ քննադատվում էր երկրի սոցիալ տնտեսական վիճակն ու կառավարության գործունեությունը:
Արդյո՞ք հասկանալի է ԲՀԿ-ի նման դիրքորոշումը` հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նա կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժ է, կառավարությունում նախարարական պորտֆելներ ունի եւ մշտապես կողմ է քվեարկել բյուջեի նախագծերին:
Մեր հարցին Տիգրան Սարգսյանը պատասխանել է.”Ես չեմ համաձայնվի ձեր գնահատականի հետ, որ դա կոշտ քննադատություն էր: Այն խնդիրները, որոնք բարձրացնում են մեր կոալիցիոն գործընկերները, մշտապես գտնվում են կոալիցիոն բոլոր կուսակցությունների ուշադրության կենտրոնում եւ մեր նախարարները զբաղված են հենց այդ հարցերի լուծմամբ”:
Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ մասնավորապես, առողջապահության նախարարությունը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարաությունը, քաղաքաշինության նախարարությունը իրենց ծրագրերով հենց այնպիսի քաղաքականություն են իրականացնում, որոնք պետք է լուծեն այն պրոբլեմները, որոնք առկա են մեր երկրում /սրանք այն գերատեսչություններն են, որոնք ղեկավարում են ԲՀԿ-ական նախարարներ-խմբ./:
“Մենք նույնպես բազմաթիվ պրոբլեմներ ենք մատնանշում, բացահայտում ենք մեր բացթողումներն ու թերությունները: Ընդհանրապես, ինքնաքննադատությունը լավ բան է : Եթե իշխանությունները ինքնաքննադատաբար են մոտենում իրականությանը, դա երաշխիք է, որ այդ բոլոր թերություններն ապագայում կշտկվեն”,-շարունակել է վարչապետը:
Մեր ճշտող հարցին, թե կարելի է եզրակացնել, որ այդ քննադատությունը ԲՀԿ-ն նաեւ ինքն իրեն է ուղղել` որպես կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժ, Տիգրան Սարգսյանն արձագանքել է.”Այդ հարցի պատասխանը նաեւ դուք տվեցիք, չէ որ նրանք են կառավարություն կազմել մեզ հետ միասին”: