Պատգամավորի հարեւանը եւ նախընտրական շոկոլադից է օգտվում, եւ ջեմից
ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը քաղաքական տարբեր ուժերի համատեղ քննարկմանն ասաց, որ ՀՀ համար ամենալրջագույն մարտահրավերը ժամանակակից երկիր ունենալու մարտահրավերն է:
Մի ոտքով խրված ենք արեւելյան աղբի մեջ, որտեղ թաղված ենք կաշառակերության մեջ, որտեղ մարդու իրավունքները ոչինչ են”,-հայտարարեց նա ու հավելեց, որ այս ամենի կողքին արժանապատվության տեր քաղաքացիների մի փոքր հատված կա, որի հետ ՀՅԴ-ն հույսեր է կապում:
Լիլիթ Գալստյանը նշեց, որ ընտրությունները ցանկացած երկրի համար քաղաքական գլխավոր գործընթացն են հանդիսանում եւ քաղաքական բովանդակություն են ձեւավորում, մինչդեռ ՀՀ-ում զուտ ցուցակների եւ անձերի քննարկում է, որտեղ չկա բովանդակություն:
“Իրականությունը կենտրոնացել է մեկ հարցի շուրջ` ներիշխանական կռիվ իշխանության համար: Ցուցակները արտահայտում են այն քաղաքական արժեհամակարգը, որով պատրաստվում ենք ուրվագծել ՀՀ առաջիկա հինգ տարիների ճակատագիրը”,-հայտարարեց Լիլիթ Գալստյանը:
Նա նշեց, որ պաշտոնապես քարոզարշավը չի սկսել, բայց ԶԼՄ ներից նախընտրական աղբը լցվել է մեր տները` ակնոցներից, ատամի պլոմբից, ջեմից ու շոկոլադից սկսած: “Հարեւանս պատմում է, որ մեկը շոկոլադ է նվիրում, մյուսը ջեմ, երկուսից էլ կօգտվեմ եւ ինչ լավ է` երեխայիս ծնունդը մանկապարտեզում կանեմ: Սա ողբերգություն է”,-հարեւանի պատմածը ցավով փոխանցեց Լիլիթ Գալստյանն ու հավելեց, որ այս զինանոցով կառուցել մարտունակ երկիր, գրեթե անհնարին է:
ՀՅԴ-ական պատգամավորը նաեւ նկատեց, որ քաղաքական գրեթե բոլոր ուժերի կարգախոսնեում կա “հավատ” բառը: Նրա համոզմամբ, սա նշանակում է հավատի կորուստ եւ ապատիա եւ շատ ցցուն կերպով ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացու մոտ հավատի կորուստ կա: Նա նշեց, որ ՀՅԴ կարգախոսը` “Ազատություն, արդարություն, դաշնակցություն” հենց այնպես չէ ընտրված, այլ մտածված է: