“Մրցակիցս պետք է շատ հարցերի պատասխաններ տա”. Կարապետյանն էլ Ֆարմանյանին բանավեճի ակնարկ արեց /վիդեո/
ՀԱԿ համամասնական ցուցակի 28-րդ համարը ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի համար “շատ վերին” հորիզոնական է: Այսօր Henaran.am-ը Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվել է, թե գո՞հ է արդյոք ցուցակում իր զբաղեցրած ոչ այնքան վերին հորիզոնականից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարապետյանը ի թիվս այլոց, ակտիվորեն պայքարել է այս տարիներին:
Պարզվում է, ՀԱԿ անդամի համար սա անգամ “կրեդիտ” է: “Շատ ականավոր գործիչներ, որոնք ավելի ցածր հորիզոնականներում են արժանի էին լինել ավելի բարձր, այդ առումով ես ավելի քան բավարարված եմ եւ անգամ կրեդիտ եմ համարում այն տեղը, որ ես ունեմ”,- Henaran.am-ին ասել է նա եւ հավելել, որ եթե լավ աշխատի, հնարավոր է մյուս ընտրություններում լինի տասնյակում:
Վլադիմիր Կարապետյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում կպայքարի նաեւ մեծամասնական ընտրակարգով: Նոր-Նորքի թիվ 2 ընտրատարածքում Վլադիմիր Կարապետյանը կպայքարի ՀՀ նախագահի մամուլի նախկին խոսնակ, ՀՀԿ-ական, Հանրային հեռուստաընկերության քաղաքական եւ լրատվական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանի դեմ:
Henaran.am-ը Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվել է նաեւ, թե ինչպե՞ս է գնահատում իր շանսերը` հաշվի առնելով հանգամանքը, որ Սամվել Ֆարմանյանը իշխանության թեկնածուն է եւ նաեւ դուրս է մեծամասնականով առաջադրվող թեկնածուների ձեւավորված ավանդական կերպարից:
Վլադիմիր Կարապետյանն ասել է, որ իր շանսերը բարձր է գնահատում` հաշվի առնելով, թե ով է իր մրցակիցը, փորձելու է ապացուցել, որ ՀՀԿ-ն “չարիք է բերել Հայաստանին”: Նա նշել է նաեւ, որ իր մրցակիցը հրապարակային դեբատներում ու լրատվամիջոցներում պետք է իր գործունեության վերաբերյալ մի շարք հարցերի պատասխաններ տա:
Մեր զրույցի մանրամասները` տեսանյությում: