06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կանաչների միությունը ահազանգում է. Թեղուտը վտանգված է

Այսօր Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հաղորդագրություն է տարածել Թեղուտի խնդիրների հետ կապված, որում մասնավորապես ասված է.

‘ՀՀ բնապահպանության նախարարության արտոնագրով ‘’Արմենիան Քափըր Փրոգրամ’’ ՓԲ ընկերությանը թույլատրվել է ուսումնասիրել եւ ապա շահագործել Լոռվա մարզի Թումանյանի շրջանի անտառներում գտնվող ‘’Թեղուտ’’ պղնձամոլիբդենային հանքավայրը: Ընկերությանը տրամադրվել է 1970 հա, որից 1589,6-ը՝ անտառային ֆոնդի, իսկ 380,4-ը համայնքային հողեր են:

Հանքարդյունաբերության համար հատկացված տարածքի ռելիեֆը բարդ է, կտրտված չորս կիրճով, որոնցով հոսում են Շնող գետը եւ նրա երեք վտակները՝ Կռունկ, Խառատաձոր, Դուքանաձոր լեռնային գետակները:

Այդտեղի անտառը Հայաստանի Հանրապետության ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող հատվածն է: Ըստ Ընկերության ներկայացրած Նախագծի, այդտեղ առկա են սողունների 10, երկկենցաղների 4, թռչունների 86 (ըստ մասնագետների՝ այս վայրում հայտնի է 208 թռչնատեսակ, որից 28-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում), ձկների 5, կաթնասունների 55 տեսակներ: Այդ կենդանիներից շատերը գրանցված են Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային Կարմիր գրքերում:

Տարածքում կան հնագույն եւ այլ ժամանակաշրջանների հնագիտական ու պատմամշակութային բազում հուշարձաններ:

Թեղուտ եւ Շնող գյուղերի խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման աղբյուրը Շնող գետն է, որի վտակները սնվում են հանքահանման համար նախատեսվող տարածքներից. Կռունկի եւ Դուքանաձորի հուներում լցվելու են մակաշերտը եւ դատարկ ապարները, իսկ Խառատանոցի հունում՝ պոչանքները:

Հանքավայրի շահագործման դեպքում, ըստ ‘’Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում’’ փաստաթղթի, 25 տարվա ընթացքում վերամշակվելու է 175 մլն տոննա պղինձ-մոլիբդենային հանքաքար (պղնձի պարունակությունը՝ 0,355, իսկ մոլիբդենինը՝ 0,0215 տոկոս է): Կորզվելու է պղնձի 85,78, իսկ մոլիբդենի՝ 70,05 տոկոսը: Ձեռնարկության շինարարության ժամանակ (3,5 տարի) ստեղծվելու է 1100, իսկ շահագործման ընթացքում 900 (ըստ ‘’Աշխատանքային նախագծի’’՝1432) աշխատատեղ: 28,5 տարվա ընթացքում ‘’Արմենիան Քափըր Փրոգրամ’’ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրվելիք շահութահարկը կանխատեսվում է 101,7 մլն դոլար, իսկ Ընկերությունը մաքուր շահույթը՝ 406,2 մլն դոլար:

Թեղուտի հանքավայրի ‘’Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը’’ (ՇՄԱԳ) եւ ‘’Աշխատանքային նախագիծը’’ (Նախագիծ) ստեղծվել են ՀՀ օրենքների խախտումներով, ինչպես նաեւ իրականացվելիք ծրագիրը կիսատ է, այդտեղ առկա են թերհաշվարկներ, կոծկումներ, կեղծիքներ:

Թեղուտի հանքավայրի շահագործման Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը եւ դրանից բխող բազմաթիվ օրենքներին (Բնության պահպանության մասին ՀՀ օրենսդրության հիմունքներին, Հողային եւ Ընդերքի օրենսգրքերին, Բուսական եւ Կենդանական աշխարհի մասին օրենքներին, Պատմության ու մշակութային անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման մասին օրենքին եւ այլն), ինչպես նաեւ ՀՀ կողմից վավերացված միջազգային մի շարք պայմանագրերին, օրինակ, մշակույթի ու բնության ժառանգությունների պահպանության, անապատացման դեմ պայքարի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, կլիմայի փոփոխության մասին պայմանագրերին եւ այլն:

Եթե մանրազնին ու անկողմնակալ հաշվարկվեն Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք վնասները՝ բոլոր հնարավոր բաղադրամասերով, եւ օգտագործվեն իրականությունն արտացոլող մեթոդներ ու սակագներ, ապա կարելի է ենթադրել, որ վնասները միլիարդավոր անգամներ կգերազանցեն Նախագծում բերված 28,5 տարվա հաշվով 900-1432 ժամանակավոր աշխատատեղի (տարեկան միջին աշխատավարձը՝ 2400 ԱՄՆ դոլար, Նախագիծ, հատոր 9, էջ 14) ստեղծման եւ պետական գանձարան մուծվելիք 101,7 մլն դոլար շահութահարկի այսպես կոչված օգուտներին:

Թեղուտի հանքավայրին վերաբերող նյութերի ուսումնասիրողները հեշտությամբ կհամոզվեն, որ թե Նախագիծ կազմողները, թե դրան դրական եզրակացություն տվողները, թե խնդրին վերաբերող Կառավարության որոշում կայացնողները անտեսել են բնության-ժողովրդի-պետության շահերը’:

Henaran.am-ին հաղորդում են ‘Թեղուտ’-ի պաշտպանության խմբի մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ