ՀԱԿ-ը ակնհայտ համագործակցության մեջ է իշխանության հետ. Ստյոպա Սաֆարյան
“Ես մինչ այս էլ կասկած էի հայտնել, որ ՀԱԿ-ն այս կամ այն նկատառումներով առաջադրումների իր քարտեզով ակնհայտորեն համագործակցության մեջ է իշխանության հետ, եւ որոշ դեպքերում, կամա, թե ակամա, գործում է “Ժառանգության” թեկնածուների դեմ”,-այսօր Henaran.am-ին ասաց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով Aravot.am-ի այն տեղեկությանը , որ “առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրումների ժամանակահատվածում դեմ առ դեմ հանդիպել են Էրեբունու նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանն ու Հայ ազգային կոնգրեսի համակիր, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբոր որդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը”:
Քննարկման առարկան, ըստ աղբյուրի, եղել է այն, որ “Տիգրան Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը Մհեր Սեդրակյանի դեմ թիվ 13 ընտրատարածքում չի առաջադրի, իսկ Մհեր Սեդրակյանն էլ թիվ 12 ընտրատարածքում Տեր-Պետրոսյանին չի խանգարի”: Սեդրակյանը հանդիպման մասին տեղեկությունը Aravot.am-ի -ի հետ զրույցում հաստատել է:
Հիշեցնենք, որ թիվ 12 ընտրատարածքում Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու դեմ “Ժառանգությունից” առաջադրվել է Անահիտ Բախշյանը:
“Սա ընդամենը մեկ ընտրատարածքի նկարագիր է: Եթե ՀԱԿ առաջնորդի եղբոր տղան, կարծում եմ, ոչ ինքնագլուխ, նման պայմանավորվածությունների մեջ է մտնում, նշանակում է, որ այդպիսի պայմանավորվածությունները բացառված չեն շատ այլ ընտրատարածքներում”,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Henaran.am-ի հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ ճիշտ են այն տեսակետները, որ իրական պայքարն, այսուհանդերձ ընդդիմության եւ իշխանության ներսում է տեղի ունենում, Ստյոպա Սաֆարյանը հիշեց, որ մեկ ու կես տարի առաջ, երբ ՀԱԿ-“Ժառանգություն” հարաբերություններում դեռեւս բախումնային դրվագներ չկային, ինքը կանխատեսել էր, որ եթե կուսակցությունների քաղաքական վարքագիծն այդպես շարունակվի, ընտրական կոնֆլիկտը կլինի ընդդիմության եւ իշխանության ներսում:
Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ այդ իրավիճակը, փաստորեն, հասունացել է եւ հուսաց, որ “Ժառանգությունը” իր ծրագրով թույլ չի տա, որ պայքարը վերածվի ոչ իշխանության թեկնածուների եւ ընդդեմ որեւէ մեկի պայքարի, այլ հանուն այն Հայաստանի, որն ուզում են կառուցել:
Նա ասաց, որ “Ժառանգությունն” օրեր առաջ իրավիճակից ելքն առաջարկել էր, որը ՀԱԿ-ի կողմից մերժվել է: Henaran.am-ի հարցին` նշանակո՞ւմ է, որ այսուհետ “Ժառանգության” եւ ՀԱԿ-ի ճանապարհները բաժանվեցին, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց.”Մենք մեր ճանապարհը շեղելու ցանկություն չունենք եւ անկախ նրանից մեր այդ ճանապարհը կփորձի փակել իշխանությունը, թե ՀԱԿ-ը, կստանա համարժեք պատասխան”:
Իսկ հարցին, թե այս ամենից հետո ՀԱԿ-ի հետ համագործակցության եզրեր կլինե՞ն, պատգամավորը պատասխանեց, թե, եթե ՀՀԿ-ն էլ առաջարկի ընտրակեղծիքների դեմ, օրինակ, արագ արձագանքման օպերատիվ խումբ ստեղծել, ինքն անձամբ կընդունի առաջարկը, ուստի, անկախ բոլոր փոխհրաձգություններից, ընտրությունների արդար ընթացքի հետ կապված ցանկացած առաջարկ ընդունելի կլինի: