Ընդդիմությունը անպայման ձգտելու է հետընտրական հեղափոխության. Իսագուլյանը զգուշացրեց
”Ցավոք, ընդդմության այսօրվա կեցվածքն ամենեւին ուղղված չէ խորհրդարանական ընտրություններում հաղթելու կամ պարտվելու: Իրենց համար խորհրդարանական ընտրություները զուտ պատրվակ են արտահերթ նախագահական ընտրությունների վերածելու գոծընթացը: Այսինքն, անպայման իրենք ձգտելու են հետընտրական շրջանը դարձնել հեղափոխական շրջան”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը:
Բանախոսն այս եզրահանգմանն է եկել` դատելով ընտրությունների նկատմամբ ընդդիմության մի հատվածի տրամադրվածությունից ու հայտարարություններից: Գառնիկ Իսագուլյանի խոսքով, եթե խորհրդարանական ընտրություններն ընթանան “սեւի ու սպիտակի կռիվ” տարբերակով, ինչը արդեն նկատելի է, հասարակության վրա ազդեցության տեսանկյունից լավ արդյունք չի կարող լինել:
“Հավատացեք, որ այստեղ տոն տվողը ընդդիմությունն է: Նա է հասարակությանը տանում հրապարակ”,-նշել է Գառնիկ Իսագուլյանն ու հավելել, որ ցանկացած իշխանություն շահագրգռված է, որ իրավիճակը կայուն լինի.
“Հավատացեք, որ այսօր ամենաշատը արդար եւ թափանցիկ ընտրությունները պետք են հանրապետության նախագահին, ես նույնիսկ կուսակցության անունը չեմ տալիս: Այս խնդիրը դրված է Հայաստանի առաջ”:
“Henaran.am-ի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է բանախոսը հանրահավաքային հետընտրական շարժման հավանականությունը, Գառնիկ Իսագուլյանը պատասխանել է ”Մենք որեւէ բան բացառելու իրավունք չունենք”:
Դիտարկմանը, թե բախումնային սցենարի կրկնությունը նույնպե՞ս, Գառնիկ Իսագուլյանն արձագանքել է.”Նման երեւույթների հետեւանքները միշտ չէ, որ կարելի է կանխատեսել: Դրա համար քաղաքական գործիչները ամեն ինչ անելու են, որ մենք նման իրավիճակի չգանք, որովետեւ այդ իրավիճակից տուժելու ենք բոլորս”: