Ամոթն ուղակել է “ջհանդամը”
“Ժառանգության” նախընտրական շտաբից Henaran.am-ին տեղեկացնում են, որ Սյունիքի մարզում “Ժառանգության” նախընտրական շտաբի հիմնադրման համար Գորիս մեկնած ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ “Ժառանգության” Գորիսի ստորաբաժանման ակտիվիստների առջեւ Սյունիքի մարզային իշխանությունները խոչընդոտներ են հարուցել:
Գորիսում քաղաքացիները ովքեր “Ժառանգության” շտաբի հիմնադրման համար տարածք էին տրամադրել ինչ-ինչ իշխանական ճնշումներից հետո խնդրել են վերադարձնել իրենց տարածքի բանալիները եւ հանել շտաբի վրա փակցված “Ժառանգության” լոգոնշանը:
“Ակնհայտ է, որ բացի իշխանությունների միջամտությունից նշված քաղաքացիները որեւէ այլ պատճառ տարածքի տրամադրումից հրաժարվելու համար չէին կարող ունենալ: Զարուհի Փոստանջյանը պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարել է Սյունիքի մարզպետ, ՀՀԿ ցուցակի անդամ Սուրեն Խաչատրյանին, որը, սակայն, պարզաբանումների փոխարեն իրեն հայհոյախառն արտահայտություններ է թույլ տվել ԱԺ պատգամավորի հասցեին:
“Ժառանգությունը” խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետի պահվածքը, ինչպես նաեւ ԿԸՀ եւ իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրում վերը նշված փաստի վրա եւ պահանջում ապահովել բոլոր քաղաքական ուժերի համար նախընտրական մրցակցային հավասար պայմաններ”,-նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: