ԲՀԿ-ական նախարարները կհրաժարվե՞ն պորտֆելներից
Այսօր երիտբհկականներ Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել են իշխող քաղաքական կոալիցիայի լինել-չլինելու մասին հարցին:
Մեկնաբանելով կոալիցիայի “ձեւական բնույթ” կրելու մասին իրենց կուսակից, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, որը նույնպես վերջերս է անդամագրվել ԲՀԿ-ին, Վահան Բաբայանը, մասնավորապես ասել է, որ “կոալիցիան արդեն անցյալում է՛՛:
՛՛Արդեն կոալիցիա չկա եւ առանձին ենք մասնակցում ընտրություններին՛՛,-նշել է նա:
Henaran.am- ը, հաշվի առնելով կոալիցիոն ռոտացիայով պորտֆելներ ստանալու փաստը, ԲՀԿ-ական նախարարներին խնդրել է մեկնաբանել այս հայտարարությունը եւ փորձել է ճշտել`արդյո՞ք նրանք պատրաստվում են հրաժարական ներկայացնել:
Նկատենք, որ կոալիցիոն հուշագրում նշվում է, որ քաղաքական կոալիցիան գործում է մինչեւ գործող խորհրդարանի լիազորությունների ավարտը: ԲՀԿ-ն, որպես կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժ գործադիրում չորս նախարարական պորտֆել ունի: ՀՀ քաղաքաշինության, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարարկան պորտֆելները պատկանում են ԲՀԿ-ին:
“Ես Վահան Բաբայանի եւ Տիգրան Ուրիխանյանի հետ կզրուցեմ, նոր կմեկնաբանեմ’,- Henaran.am-ին ասել է ՀՀ քաղաքաշինության նախարար, ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Վարդան Վարդանյանը: ԲՀԿ նախընտրական շտաբի պետն ի դեպ, հանկարծակիի եկավ`լսելով հիշյալ հայտարարության մասին մեր մեջբերումը :
Վարդան Վարդանյանը հրաժարվեց մեկնաբանել նաեւ Վարդան Օսկանյանի հայտարարությունը` տալով նույնաբովանդակ պատասխան.”Ես կզրուցեմ իր հետ, նոր ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ:
Henaran.am-ի հարցին հրաժարվեց պատասխանել նաեւ ՀՀ առողջապահության ԲՀԿ-ական նախարար Հարություն Քուշկյանը: Հարություն Քուշկյանն ասաց, որ միջոցառման է եւ խոսել չի կարող ու հեռախոսը փոխանցեց իր մամլո խոսնակին: ԱՆ մամլո խոսնակ Շուշան Հունանյանն էլ ասաց, որ այսօր ոչ աշխատանքային օր է եւ մեր հարցին կպատասխանի երկուշաբթի օրը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: