Բացառում են կոալիցիան իշխանության հետ
՛՛Մեկ միասնական ցուցակով դաշինքի տրամաբանության հիմքում ընկած է գաղափարաքաղաքական հենքը: Մեկ միասնական ցուցակում ընդգրկված են թեկնածուներ թե քաղաքական , թե հասարակական սեկտորը ներկայացնող:
Սա եզակի դեպք է, երբ գաղափարաքաղաքական հենքի վրա ընտրություններից անմիջապես առաջ ձեւավորվում է մի միավոր, որի նպատակն է իսկապես Հայաստանում իրականացնել իշխանափոխություն՛՛,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով ՛՛Ժառանգություն՛՛- ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ միասնական համամասնական ցուցակին:
Այդ միասնական միավորը, ըստ Ռուբեն Հակոբյանի, հեռանկարային առումով գիտի իր անելիքները, որի նպատակն է՝ ունենալ հաջողություն ԱԺ-ում եւ իրականացնել իշխանափոխություն:
Նրա խոսքով՝ քաղաքական առումով հայ-թուրքական հարաբերությունների, Արցախյան հակամարտության եւ մարդու իրավունքների հարցերում նույն մոտեցումներն են որդեգրվել ՛՛Ժառանգության՛՛ եւ ՛՛Ազատ դեմոկրատների՛՛ կողմից:
՛՛Ազատ դեմոկրատ՛՛, նախկին ԱԳ նախարար Ալիկ Արզումանյանը նշեց, որ հիմք է դրվում երկարաժամկետ համագործակցության՝ իրավահավասար դաշինքի սկզբունքի հիման վրա:
Ինչ վերաբերում է ապագա խորհրդարանում հավանական կոալիցիա ստեղծելուն, Ռուբեն Հակոբյանն ասաց.՛՛Մենք կարող ենք կենտրոնական ուժ լինել ԱԺ-ում եւ հնարավոր է մեր շուրջ, որպես առանցք ազատական կոալիցիա ստեղծենք, սակայն բացառում ենք կոալիցիան իշխանության հետ՛՛: