Վերջին տվյալներով՝ համբերության բաժակը չի լցվել. Զուրաբյանը դժգոհ չէ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՛՛Ազատ դեմոկրատական” Ալիկ Արզումանյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու Արարատ Զուրաբյանը չի ընդգրկվել միասնական նախընտրական ցուցակում, եւ հնարավոր է արդյոք, որ նա հրաժարվի կուսակցությունից եւ դուրս գա, ասաց, որ ցուցակում չընդգրկվելու որոշումը Արարատ Զուրաբյանի անձնական որոշումն է եղել:
՛՛Դա հերթական բամբասանքն է, թե Արարատ Զուրաբյանն ուզում է դուրս գալ կուսակցությունից: Նա ՛՛Ազատ դեմոկրատներ՛՛-ի հիմնադիր անդամներից է եղել, եւ նա շարունակելու է ակտիվ կուսակցական գործունեությունը, եւ հետագայում ինքը կորոշի իր քաղաքական մասնակցության ձեւը՛՛,- ասաց Ալիկ Արզումանյանը:
Այն հարցին, ինչու ՛՛Ազատ դեմոկրատները՛՛ նախընտրեցին ՛՛Ժառանգության՛՛ ցուցակով գնալ, այլ ոչ՝ ստեղծել նոր դաշինք, Ալիկ Արզումանյանը նշեց, որ ի սկզբանե որոշվել էր, որ կլինի իրավահավասար դաշինք, սակայն ինչ-ինչ տակտիկական խնդիրների ու քաղաքական տեխնոլոգիաների պատճառով, որոշվեց գնալ ընտրությունների ՛՛Ժառանգության՛՛ ցուցակով:
՛՛Երբ ընտրություններից անմիջապես առաջ նոր անունով դաշինք է կազմավորվում, հասարակությանը ճանաչելի դարձնելու առումով դժվարություններ են առաջանում, ահա ինչու , քանի որ առավել ճանաչելի էր ՛՛Ժառանգությունը՛՛ ԱԺ-ում իր ակտիվ ֆրակցիայով, որոշեցինք նրանց ցուցակով ներկայանալ՛՛,- ասաց Ալիկ Արզումանյանը:
Անդրադառնալով այն հարցին, արդյոք ՛՛Ժառանգությունից՛՛ հեռանալու ցանկություն ունեն այլոք, այնպես ինչպեսկուսակցության արդեն նախկին փոխնախագահ Կարինե Հակոբյանը, ով հայտարարել էր, որ իր համբերության բաժակը լցվել է, ՛՛Ժառանգության՛՛ փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ասաց, որ վերջին տվյալներով՝ չունեն այդպիսի մարդիկ, ում համբերության բաժակը լցվել է:
՛՛Իհարկե, մեծ կորուստ էր մեզ համար Կարինե Հակոբյանի հեռանալը: Կարծում եմ նրա մոտ զգացական ֆոնը լուրջ դեր է խաղացել: Ինչեւէ, մենք նրան մաղթում ենք հաջողություն, քանի որ նա հայտարարել էր, որ իրեն ավելի հարմարավետ է զգում հասարակական սեկտորում՛՛,- եզրափակեց Ռուբեն Հակոբյանը: