Ջոն Հեֆերնը մատնանշել է ժողովրդավարության քարերն ու շաղախը
‘Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել Հայաստանին բարեկեցիկ, ժողովրդավար եւ արեւմտյան արժեհամակարգով պետություն դառնալու իր ձգտման մեջ: Մենք դա անում ենք գործընկերային կապեր հաստատելով այն հայաստանաբնակների հետ, ովքեր կիսում են մեր արժեքները, այն է` իշխանության տարանջատման, խոսքի ազատության, օրենքի գերակայության համընդհանուր արժեքները:
Մենք հավատում ենք, որ ի զորու ենք փոփոխություններ կատարել` լինելով լավատես ու մի փոքր անհամբեր, եւ հուսով ենք հայերը նույնպես հավատում են դրան’:
Այդ մասին այսօր Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Միջոցառմանը մասնակցում էին ուսանողներ եւ դասախոսներ տարբեր համալսարաններից:
Ջ. Հեֆերնի համոզմամբ` նպատակները հաջողությամբ են պսակվում բոլոր այն դեպքերում, երբ ԱՄՆ-ը համագործակցում է հայազգի շահագրգիռ, ստեղծագործ եւ տաղանդաշատ այն անձանց հետ, ովքեր կիսում են հիմնարար արժեքները եւ նվիրված են ժամանակակից ու առաջադեմ Հայաստան կերտելու գործին:
Բանախոս անդրադարձավ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին` նշելով. ‘Ոմանք արդեն կանխավ հայտարարել են, որ մայիսին կայանալիք ընտրությունները կեղծվելու են եւ այժմվանից արդեն կոչ են անում դուրս գալ բողոքի ցույցերի` քվեարկության հաջորդ օրը: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են կառուցել ժողովրդավարություն Հայաստանում, չեն կարող սահմանափակվել հայտարարություններով այն մասին, թե ինչ պետք է անեն ‘նրանք’:
Դրա փոխարեն, այդ մարդիկ պետք է կատարեն աշխատանքի իրենց մասը, ստեղծեն ինստիտուցիոնալ ցանցեր եւ դաշինքներ` իրենց ձայները լսելի դարձնելու համար, մշակեն եւ գործարկեն կեղծիքները կանխելու ու կառավարության հաշվետվողականությունն ապահովելուն ուղղված մեխանիզմներ: Այդ հաստատություններն են, այդ մեխանիզմներն են, որ տեւական են: Դրանք ժողովրդավարություն կառուցելու քարերն են եւ շաղախը’: