Կտրականապես դեմ եմ այն դատողություններին, որ ընտրությունները դատապարտված են անցնելու կեղծիքներով. Հմայակ Հովհաննիսյան

Պարզաբանելով ոստիկանության կողմից ներկայացված ընտրացուցակների ուռճացված լինելու մասին լրատվամիջոցներում շրջանառվող կարծիքները, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ այդ կասկածները անհրաժեշտ է կամ փարատել, կամ , եթե դրանք հիմնավորվեն , քայլեր ձեռնարկել ընտրացուցակները մաքրելու ուղղությամբ:
“Ես կտրականապես դեմ եմ այն դատողություններին, որ ընտրությունները դատապարտված են անցնելու կեղծիքներով: Եթե մենք լիահույս չլինենք, որ համատեղ հասարակական-կուսակցական ջանքերով հնարավոր է խուսափել կեղծիքներից, իմ ղեկավարած Հայաստանի քաղաքագետների միությունը չէր կազմակերպի ընտրությունների հանրային վերահսկողության հիմնահարցին նվիրված հատուկ գիտակիռարական լսումների շարք”:
Լսումների պլենար նիստը,- ինչպես ասաց քաղաքագետը տեղի է ունենալու չորեքշաբթի օրը` ապրիլի 4-ին, ՀՀ քաղաքագետների միության նիստերի դահլիճում:
Պլենար նիստում, որին Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը հրավիրել է նախագահ Սերժ Սարգսյանին և որին մասնակցելու են լսումների սեկցիոն նիստերի ընթացքում իրենց կուսակցությունների դիրքորոշումները ներկայացրած ԲՀԿ, ՀՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, Ազատ դեմոկրատներ, Ժառանգություն կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչները, քննարկվելու ` է ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբի ստեղծման նպատակահարմարությունը :
“Եթե ընտրությունները դատապարտված լինեին անցնել խարդախություններով և կեղծիքներով, այդ նախաձեռնությունը իմաստ չէր ունենա”,- ամփոփեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահը: