ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ “Ժառանգությունը”` միասնական շտաբով կվերահսկեն /վիդեո, լրացված/
Քաղաքագետների միությունում շարունակվում է քաղաքական ուժերի մասնակցությամբ քննարկումը: Քիչ առաջ քննարկման մասնակից ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ “Ժառանգությունը” ստորագրեցին հայտարարություն, որտեղ առաջարկվում է ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով մեկ միասնական շտաբ ստեղծել:
Հիշեցնենք, որ քննարկմանը ներկա Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԱԺ-ն արդեն նման նախաձեռնությամբ հանդես է եկել եւ ձեռնպահ մնաց հռչակագրի տակ ստորագրելուց: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
“Մենք` ՀՀ հինգերորդ գումարման ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչներս, գիտակցելով ՀՀ առջեւ ծառացած բարդ խնդիրների բարեհաջող հանգուցալուծման համար մայիսի 6-ին կայանալիք ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ, եվրոպական չափանիշներին հարիր անցկացնելու նշանակությունը, կարեւորելով այդ գործընթացում հանրության եւ քաղաքական կուսակցությունների ջանքերը միաբերելու անհրաժեշտությունը, համաձայնվում ենք ձեւավորել ընտրությունների հանրային վերահսկողությամբ միջկուսակցական ընտրական շտաբ: Հայտարարությունը բաց է համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասՆակցող բոլոր քաղաքական ուժերի համար”,-նշված է հռչակագրում:
ԲՀԿ-ից այն ստորագրեց Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, “Ժառանգությունից”` Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանը:
Նկատենք, որ քննարկման ընթացքում “Ժառանգության” վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն առաջարկեց, որ միասնական շտաբ ձեւավորելու հայտարարության տակ ստորագրեն քաքաղաքկան ուժերի ղեկավարները, ինչին դեմ էր հատկապես ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: “Պարոն Զուրաբյան, գուցե Դուք ավելի մեծ լիազորություններ ունեք, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը, իմ ասածն այն է, որ կուսակցության ղեկավարները միասին, տղամարդավարի պայմանավորվեն եւ ասեն, որ ամեն ինչ անելու ենք ընտրություններն արդար անցկացնելու համար”,- ՀԱԿ համակարգողին դիմեց Ռուբեն Հակոբյանը: Նա նաեւ հավելեց.”Եթե այսօր կոալիցիան կա, այս փաստաթուղթն անիմաստ է դառնում եկեք իմիտացիաներ չանենք”:
Ի դեպ, բացի ՀՅԴ-ն ներկայացնող Արմեն Ռուստամյանից, քննարկման մասնակից մյուս կուսակցությունների ներկայացուցիչները չստորագրեցին ՀԱԿ-ի ներկայացրած դիմումը` ուղղված ՀՀ ոստիկանապետին: Այս առաջարկությունը Վարդան Օսկանյանը հորդորեց քննարկել եւ ներկայացնել միասնական շտաբի առաջին նիստին: Ռուբեն Հակոբյանը կիսեց այդ տեսակետը:
Քննարկումից հետո Լեւոն Զուրաբյանն այս կապակցությամբ լրագրողներին ասաց. “Մենք բանակցելու ենք բարի ոգով, իսկ եթե չմիանան, ուրեմն մեր եւ “Դաշնակցության” անունից կուղարկենք”: