Միգուցե ՀԱ՞Կ-ն է ինչ-որ մեկի ‘կույր աղիքը’.ՕԵԿ փոխնախագահ
ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր նախընտրական գործունեության հիմնական ուղղությունները:
Նշենք, որ Մհեր Շահգելդյանը առաջադրվել է պատգամավորության թեկնածու ՕԵԿ-ի կողմից մեծամասնական ընտրակարգով թիվ 3 ընտրատարածում, որը ներառում է Զեյթուն, Քանաքեռ, Նորքի առաջին զանգված տարածքները:
‘’Ես շատ եմ շփվում այդ ընտրատարածքի բնակչության հետ, եւ մարդիկ ընկալում են այն լուծումները, որոնք առաջարկվում են իմ կողմից: Իմ նպատակն է` լուծել այդ ընտրատարածքում կուտակված խնդիրները, որոնք կապված են ենթակառուցվածքային, սոցիալական, կոմունալ ոլորտների հետ, հատկապես բնակիչ-չինովնիկ հարաբերություններում’’,- ասաց Մհեր Շահգելդյանը` հավելելով, որ ինքը առաջարկում է մրցակցային մոտեցումներ, պետության դերի մեծացում, քանի որ պետությունը պետք է դառնա բնակչի ընկերը:
Լրագրողի այն հարցին, ինչպես է վերաբերում Շահգելդյանը ՕԵԿ-ի հասցեին ուղղված ՀԱԿ-ի այն որակավորմանը, թե ՕԵԿ-ը ՀՀԿ-ի ‘’կույր աղիքն է’’, ՕԵԿ փոխնախագահը պատասխանեց.’’Ամեն քաղաքական ուժ թող իր մասին խոսի: Եթե ՀԱԿ-ը խոսում է միայն ուրիշների մասին, նշանակում է իր մասին ոչինչ չունի ասելու: Միգուցե այդ իրենք են ինչ-որ մեկի ‘’կույր աղիքը’’:
Henaran.am-ի այն հարցին` ինչպես են քաղաքական նոր տեխնոլոգիա համարվող ռեփ-տեսահոլովակները ազդում քաղաքական ուժերի, մասնավորապես ՕԵԿ-ի վարկանիշի վրա, Մհեր Շահգելդյանը կարծիք հայտնեց, որ ռեփ-ը երաժշտական ուղղություն է, ոչ` քաղտեխնոլոգիա:
Հիշեցնենք, շրջանառության մեջ է դրվել”ռեփ լուրեր” տեսահոլովակների շարք, որոնցից մեկն էլ նվիրված է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, ով ներկայացվում էր որպես կանանց սիրելի:
‘’Իմ համոզմամբ` մարդիկ առավել շատ նայում են բովանդակությանը, թե տվյալ քաղաքական ուժը ինչ ասելիք ունի, իսկ զավեշտական կամ հումորային բնույթի ռեփ-հոլովակների վերաբերյալ մեր վերաբերմունքն էլ համապատասխանաբար հումորային է’’,- եզրափակեց Մհեր Շահգելդյանը: