Քվեների մեծ թվից Հանրապետականը չի մեծամտանում. ՀՀԿ առաջնորդը դիմեց թերահավատներին /վիդեո/
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Նոր Նորքի բնակիչների հետ: Երկրորդ մասիվ. այսպես են անվանում այս թաղամասը. ՀՀԿ առաջնորդը իր խոսքում նշեց, որ մեծ ու երիտասարդ համայնք է, որի այսօրվա երիտասարդ բնակիչները վարչական շրջանի առաջնեկներն են:
Ըստ Ս. Սարգսյանի, Նոր Նորքի յուրաքանչյուր անկյունում կարելի է լսել Հայաստանի բոլոր բարբառները, համտեսել Հայաստանի տարբեր շրջաններին բնորոշ կերակրատեսակները:
Սրանով հանդերձ, Նոր Նորքը ամենամիասնական համայնքներից մեկն է, միասնություն, որին ձգտում է Հանրապետականը: Կուսակցության առաջնորդի խոսքով, ժամանակն է անշրջելիորեն փոխելու նաեւ քաղաքական կյանքի մթնոլորտը`ձեւավորելով քաղաքական մշակույթ: Անձամբ Սերժ Սարգսյան ու ՀՀԿ-ն, ըստ կուսակցության նախագահի` արել են ամեն ինչ, որպեսզի Հայաստանում հաստատվի նոր դրական մթնոլորտ, եւ հանրապետականները սկսել են իրենցից:
“Քվեների մեծ թիվ ստանալը Հանրապետականին մեծամտանալու իրավունք չի տալիս, ուրիշներին մերժելու կամ անտեսելու իրավունք չի տալիս”,-ասաց ՀՀԿ առաջնորդը` մասնավորապես շեշտելով, որ իրենք համագործակցելու են եւ եզրեր են գտնելու բոլորի հետ: “Թերահավատները թող նայեն Հանրապետականին, եւ տեսնեն, որ մենք ենք այն առաջատար քաղաքական ուժը, որ ներգրավել ենք մտավորականներին, կանանց, երիտասարդներին:
Թերահավատները թող նայեն ու տեսնեն, որ մենք բաց ենք եղել անկուսակցականների եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ համագործակցելիս”,-ասաց ՀՀԿ առաջնորդը:
Նա հավաքվածներին խնդրեց քվեարկել Հանրապետականի օգտին , եւ ժամանակը ամեն ինչ կապացուցի:
http://www.youtube.com/watch?v=Fk8tC3RQK3M&feature=youtu.be