Կաշառքը դադարեց գործոն դառնալ, այս անգամ կսկսի գործել ‘խղճի մտոք’-ը. հոգեբան
Քարոզարշավի ամբողջ ընթացքը հանգիստ, խաղաղ, առանց ցնցումների էր, ցածր տոներով ամեն ինչ ցիվիլ էր, առանց վիրավորանքների: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը` ամփոփելով քարոզարշավը: Նրա խոսքով` վատ էր միայն այն, որ չեղան լուրջ ու բովանդակալից դեբատներ, բանավեճեր , քարոզարշավն անցավ միայն հանդիպումների ձեւով, իսկ թե որ ուժին ինչքանով հաջողվեց մարդկանց հավատ ներշնչել, ըստ հոգեբանի, կերեւա ընտրություններից հետո:
‘’ Շատ խոսվեց ընտրակաշառքի մասին, ինչ որ տրագիկոմիկական երանգ ուներ այդ ամենը, բայց դրանց մեջ խորանալը ինքնանպատակ էր, որովհետեւ չերեւաց կարեւորը: Կաշառքը դադարեց գործոն դառնալ: Այս անգամ կսկսի գործել խղճի մտոքը’’,- կարծիք հայտնեց Կարինե Նալչաջյանը:
Նա նշեց նաեւ, որ նախագահական ընտրությունները հաշվի առնելով են մարդիկ մտել այս քաղաքական պայքարի մեջ: Իսկ թեկնածուների կարգախոսների հաջողված լինել -չլինելն էլ առանձնապես նշանակություն չունի, քանի որ դրանցով ոչինչ չորոշվեց, որովհետեւ եթե մարդիկ չեն վստահում, ասվածն իր արժեքը կորցնում է:
Կուսակցությունների մասով էլ Նալչաջյանը կարծում է, որ կան առաջատարներ: ‘’Օրինակ, համակրանք կա ՀՀԿ-ի նկատմամբ, ՕԵԿ-ին կրկին հաջողվեց համակիրներ շահել, քանի որ ներկայանում էին կոռեկտ, կիրթ մարդկանց դեմքերով ու եթե ընտրարշավը չավարտվեր, նրանք կավելացնեին իրենց ձայները: ՀՅԴ-ն մնում է նույնը, այսինքն՝ իր համակիրներով, ԲՀԿ-ն շատ սահմանազատվեց արհեստականորեն, ‘’Ժառանգության’’ հետ կապված՝ անորոշություն կա մարդկանց մոտ, ՀԱԿ-ը հիասթափությունների բերեց ժողովրդին, մարդկանց աչքերը բացվեցին, ՀԱԿ-ի աստեղային ժամն անցավ: ‘’Կոմկուսն’’ իր առաջնորդի համակրելի կերպարի շնորհիվ ստիպում է մարդկանց համակրանքով մոտենալ իրենց, բայց, օրինակ, երիտասարդների համար նրանք գոյություն չունեն: ‘’Դեմկուսի’’ պարագայում, նրանց ղեկավարը անընդհատ երեւում էր իր վերլուծություններով, ու դա շատ լավ քայլ էր նորից ասպարեզ դուրս գալու համար’’- ամփոփելով կարծիք հայտնեց հոգեբանը:
Նրա համոզմամբ` քարոզարշավն անցավ շատ խաղաղ, դա կարեւոր էր, քանի որ երկրի համար առաջնային է կայունությունը: