Մենք ցանկանում ենք ստանալ մեզ պատկանող գումարները. “Զվարթնոց”-ի գլխավոր մենեջերը` “Արմավիայի” հետ վեճից
“Զվարթնոց”-ի /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ/ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն այսօր անդրադարձել է “Արմավիա” միջազգային ուղեւորափոխադրող ընկերության հետ պարբերաբար առաջացող ֆիանսական խնդրին:
“Այս տարվա սկզբից “Արմավիա”-ին տրամադրվել են հատուկ սակագներ: Սա այնքան էլ հեշտ չէր օդանավակայանի համար, մենք ինքներս ուրախ չէինք, սակայն “Արմավիա”-ին օգնելու համար մենք համաձայնեցինք, մինչեւ Արմավիան լուծի իր ֆինանսական խնդիրները: Մյուս կողմից, վերջին տարիներին օդանավակայանը մեծ ներդրումներ է կատարել եւ այդ ներդրումների արդյունքում մենք ունենք այս օդանավակայանը, որը տարածաշրջանում լավագույնն է, նաեւ` ամնաապահովն ու անվտանգը եւ դա նույնպես մեզ համար ծախսեր է ենթադրում”,-նշել է Մարսելո Վենդեն:
Նրա խոսքով, “Զվարթնոց”-ը շարունակելու է համագործակցել “Արմավիա”-ի հետ, բայց միեւնույն ժամանակ, նաեւ պաշտպանելու է իր իրավունքները.”Այս պահին մենք ցանկանում ենք ստանալ մեզ պատկանող գումարները: Եթե մենք շարունակենք աշխատել այն ձեւով, ինչպես “Արմավիա”-ն է խնդրում, այսինքն, իրենք չվերթներ իրականացնեն առանց վճարելու, մյուս բոլոր ավիաընկերությունները կցանկանան նույնը անել: Մեզ համար դա ընդունելի չէ, որովհետեւ մենք պետք է շարունակենք օդանավակայանի բնականոն աշխատանքը”,-ընդգծել է Մարսելո Վենդեն եւ հավելել, որ “Արմավիա”-ն պետք է վճարի այն ծառայությունների համար, որոնք ստանում է, այնպես ինչպես մյուս բոլոր ավիաընկերությունները :
Հիշեցնենք, որ սակագների հետ կապված “Արմավիա”-“Զվարթնոց” վեճը ընթանում է դեռ այս տարվա մարտից, երբ “Արմավիան” հրաժարվեց չվերթներ իրականացնել, պատճառաբանելով, թե օդանավակայանային սպասարկման գները բարձր են: Այնուհետ ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում էր 25 տոկոսով իջեցնել սպասարկման գները: Բանկցություններից հետո “Զվարթնոց”-ն ու “Արմավիան” համաձայնության եկան:
“Արմավիայի” կուտակած պարտքերի եւ պայմանագրով նախատեսված սահմանաչափի զգալի գերազանցման պատճառով Զվարթնոցն արդեն մի քանի անգամ անորոշ ժամանակով դադարեցրել է “Արմավիա” միաջազգային ավիաընկերության չվերթների սպասարկումը, ինչը “Արմավիա” –ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը մեկնաբանում է, թե ”Զվարթնոցը” առիթ է փնտրում նախկին` ավելի թանկ սակագներին վերադառնալու համար: