Ամերիկացին խաշը մատներով է ուտում
“Քրիստոնեությունը Հայաստանի խաչմերուկում” նկարազարդ գրքի հեղինակ Ռոբերտ Բեքմեն Բրին Գավառի տարածաշրջանի Կարմիր գյուղում էր:
Ամերիկացի ազգագրագետ լուսանկարիչ Ռոբերտի համար Կարմիրը դարձել է հարազատ մի վայր, ուր նրան սիրում են մեծ ու փոքր, որտեղ նա սպասված հյուր է: Մոտ մեկ ամիս առաջ լույս տեսած “Քրիստոնեությունը Հայաստանի խաչմերուկում” գրքում ներկայացված են Հայաստանի տարածքում գտնվող 25 եկեղեցի, մատուռ եւ վանական համալիր:
Իր գրքի նախաբանում խոսելով հայ ժողովրդի մասին` հեղինակը գրում է . “Հայ ժողովուրդը օտարին ու հյուրին գրկում է իր հոգով ու սրտով, ոչ թե արմունկներով: Նրանք բոլորը հրավիրում են իրենց տուն` սուրճ խմելու: Ասում են կեր իմ ծառի ծիրանից: Իսկ Հայաստանում ծիրանը արեւի համբույրն է”:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ռոբերտը նշեց, որ եղել է Գավառի մանկատանը, շրջել Սեւանի ափին: Ամենից շատ լուսանկարիչը սիրում է Կարմիր գյուղն ու այնտեղի բնակիչներին: “Երեխաները ձեռքիցս բռնում են ու տանում գյուղի տարբեր անկյուններ, ծանոթացնում ամեն քար ու թփին”:
Ռոբերտը Կարմիր գյուղում մասնակցել է հարսանիքի, նրանց հետ լավաշ թխել ու խորոված արել: Հիմա ամերիկացիան լավաշ թխել էլ գիտի:
“Սիրում եմ հայկական խորովածը, քյավառի փախլավան, Կարմիր գյուղի քյուֆթան: Խաշ էլ եմ ուտում լավաշը թրջում եմ խաշի հյութի մեջ ու մատներով ուտում, ինչպես իմ սեղանակիցները”,-ասում է նա:
Հայկական ճաշերից Ռոբերտը նախընտրում է տոլման, հատկապես` կաղամբով:
Ամերիկացի ազգագրագետի հայացքով հայ մարդիկ ի տարբերություն ամերիկացիների, ավելի դժվար կյանքով են ապրում, բայց ջերմ են ու հյուրընկալ:
“Հայաստանն առանց հայերի կդառնա լոկ լեռնաշխարհ”,- ասում է Ռոբերտ Բեքմեն Բրինը: