14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոչ օլիգարխիկ խորհրդարան, վատ աշխատած Դաշնակցություն եւ հետընտրական ՀԱԿ

Քաղաքականությունը միանգամից կտրել օլիգարխներից հնարավոր չէ, սակայն հնարավոր է նրանց հեռացնել քաղաքական որոշումներ կայացնելուց: Այսօր այս մասին Հենարան մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա համոզմամբ` այս խորհրդարանը էականորեն տարբերվում է նախորդից, քանի որ այն ավելի շատ կուսակցական բնույթ ունի, քան օլիգարխիկ:

‘’Իշխանության ծրագիրը` հեռացնել օլիգարխներին քաղաքականությունից նախատեսված էր առաջիկա տասնյակ տարիների համար, ավելի ճիշտ` սերունդների համար, ոչ թե կարճաժամկետ` խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Ընդհանուր տենդենցը` հնարավորինս անջատել խոշոր բիզնեսը քաղաքականությունից, նկատելի է, բայց ինչու է դա դժվար ստացվում, քանի որ իշխող էլիտայի ներսում պայքար է գնում’’,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Պատասխանելով Henaran.am-ի այն հարցին` արդյոք կոալիցիայում մնալը նպաստում է քաղաքական ուժերի էլեկտորատի պահպանմանը եւ հակառակը, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ այդտեղ ուղիղ կապ չի տեսնում:

‘’Չեմ կարծում, թե Դաշնակցությունը քիչ ձայներ հավաքեց այն պատճառով, որ դուրս եկավ կոալիցիայից: Դաշնակցությունը գաղափարական կուսակցություն է եւ ունի իր կայուն էլեկտորատը, այլ հարց է, որ նրանք վատ աշխատեցին նախընտրական շրջանում: Նրանք պետք է փոխեին իրենց ավանդական իմիջը եւ առավել ագրեսիվ քարոզարշավ տանեին, ինչից, սակայն, խուսափեցին’’,- կարծիք հայտնեց քաղաքագետը:

Անդրադառնալով  հետընտրական ՀԱԿ-ին, բանախոսը նշեց, թե ՀԱԿ-ը ստեղծվել էր որպես նախընտրական բլոկ, քանի որ այդ պահին տեխնիկական առումով այդպես առավել հարմար էր: Իսկ տարաձայնություններ ՀԱԿ-ի ներսում միշտ են եղել, եւ ըստ քաղաքագետի, որոշում էր կայացվել սպասել մինչ ընտրությունները, որից հետո նոր բարձրաձայնել տարաձայնությունների ու որոշումների մասին:

‘’Ուզում եմ հարցնել, որքան ձայն կհավաքեր ՀԱԿ-ը, եթե նրա առջնորդը չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Պատասխանն ակնհայտ է: Այնպես որ  ՀԱԿ-ի դեմքը ոչ թե մաս կազմող կուսակցություններն են կամ նրանց լիդերները, այլ միմիայն Լեւոն Տեր-Պետրոսյանը, հետեւաբար ՀԱԿ-ից դուրս եկած ուժերը չեն արտահայտում ՀԱԿ-ի դեմքը’’,- նշեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ որեւէ լուրջ բան տեղի չի ունենում:’’Չիկագոյից մինչ Եվրատեսիլ, կամ թեկուզ Ադրբեջանի իրականացրած PR քայլերը դրանք ավելի շատ փուչիկ իրադարձություններ են, որոնց մասին մի քանի ամիս հետո ոչնիչ չի հիշվի’’,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ