Վարչապետն այցելել է “Microsoft” ՏՏ ադեմիա
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված “Microsoft” տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա եւ ինովացիոն կենտրոն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ակադեմիայի եւ կենտրոնի գործունեությանը, ուսանողների կողմից մշակվող նորարարական ծրագրերին:
Տեղեկացվել է, որ ամբողջ աշխարհում ակադեմիական հաստատությունները հետեւում են “Microsoft”-ի ՏՏ ակադեմիայի ծրագրին՝ նպատակ ունենալով առաջարկել “Microsoft”–ի տեխնոլոգիաների համար նախատեսված ՏՏ նորագույն կրթական ծրագրերը: Այդպիսով հաստատություններն անմիջապես ձեռք են բերում “Microsoft” բրենդի ճանաչելիությունն ու հեղինակությունը, ինչպես նաեւ համապարփակ ուսումնական ծրագրեր, ծրագրաշարերի թույլտվություններ եւ ռեսուրսներ՝ ուսանողների եւ դասավանդողների համար: Բացի այդ, համայնքները եւ ձեռնարկություններն օգտվում են նաեւ բարձր որակավորում ունեցող եւ գործունակ աշխատուժի ծառայություններից:
Ակադեմիայում նախատեսվում է իրականացնել վերապատրաստման դասընթացներ ճարտարագիտական համալսարանի դասախոսական անձնակազմի եւ ուսանողների համար` “Microsoft”-ի կողմից տրամադրված ծրագրերով, նյութերով եւ մեթոդաբանությամբ:
Ակադեմիան մի շարք տեղական ՏՏ կազմակերպությունների հետ ձեռք է բերել նախնական պայմանավորվածություններ պատվերներ տեղադրելու վերաբերյալ: Ակադեմիայի բոլոր ուսանողները հնարավորություն են ստանում անվճար գրանցվելու “DreamSpark” ծրագրում, որտեղից կարող են ստանալ մի շարք արտոնագրված ծրագրեր եւ ուսումնական նյութեր իրենց կրթական գործունեության մեջ կիրառելու նպատակով:
“Microsoft” ինովացիոն կենտրոնը հիմնադրվել է “Մայքրոսոֆթ” ընկերության, ՀՀ կառավարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կողմից եւ գործում է 2011 թվականի մայիսից: Կենտրոնն իր ձեւաչափով եւ նշանակությամբ բացառիկ է ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում:
Կենտրոնի նպատակն է նոր ընկերությունների հիմնումը, նորարար լուծումների եւ արտադրանքների ստեղծումը՝ նորարարական մշակույթի եւ ստեղծարարության խթանման եւ նորագույն տեխնոլոգիաների հասանելիությունն ստեղծման միջոցով:
Վարչապետ Սարգսյանը, ծանոթանալով կենտրոնի ուսանողների նորարական լուծումներին, հանձնարարել է շահագրգիռ մարմիններին քննարկել դրանք եւ հնարավորության դեպքում ներառել պետական մարմինների կողմից մատուցվող ծառայություններում: Օրինակ, նման ծրագրերից մեկով առաջարկվում էր տեսախցիկների եւ արագաչափերի ֆիքսած խախտումների մասին վարորդին տեղեկացնել SMS հաղորդագրությամբ՝ խախտումից անմիջապես հետո: Վարչապետը հանձնարարել է ծրագիրն ուսումնասիրության ներկայացնել ՀՀ ոստիկանության համապատասխան մարմիններին: Մշակված ծրագրերից մեկն էլ հնարավորություն էր տալիս հատուկ սարքերի միջոցով պարզել ջրի բաղադրությունը եւ աղտոտվածության աստիճանը, որը եւս արժանացել է կառավարության ղեկավարի ուշադրությանը:
Հիմնադրումից մինչ օրս կենտրոնը համակողմանի աջակցություն է տրամադրել ավելի քան 50 ընկերությունների, ինչպես նաեւ ինկուբացրել է 15 թիմ, որոնցից մեկը գրանցվել է իբրեւ start-up ընկերություն եւ հաջողությամբ զբաղվում է “Microsoft”–ի նորագույն “Kinect” տեխնոլոգիայի հիման վրա ծրագրավորման աշխատանքներով:
Իր գործունեության առաջին տարվա ընթացքում ինովացիոն կենտրոնն իր կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակում ունեցել է ավելի քան 1600 շահառու, կազմակերպվել է 50 երկարաժամկետ դասընթաց` ընդգրկելով 600 ուսանողների եւ ՏՏ մասնագետների:
Վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպվել է նաեւ գաղափարների գեներացման 5 մրցույթ, այդ թվում Your phone, Your apps բջջային հավելվածների առցանց մրցույթը, որի շնորհիվ Հայաստանն արձանագրել է ուսանողական հավելվածների ցուցանիշի աննախադեպ աճ՝ զբաղեցնելով 2-րդ տեղը կենտրոնական եւ արեւելա-եվրոպական տարածաշրջանում: