17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այն, ինչ Հունաստանին չհաջողվեց 300 մլրդ-ով՝ Հայաստանը կանի 200 մլն-ով. Ժամանակ

Ներկայացնում ենք հատվածներ «Ժամանակի» վերլուծականից:

«Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ անշեղորեն իջնում է, իջնում են նաև նավթի համաշխարհային գները. սա է հուլիսի 5-ին Հունաստանում կայացած հանրաքվեի առաջին և ամենատեսանելի արդյունքը: Նավթի գինն իջել է ոչ միայն հոգեբանական համարվող 60 դոլարից՝ մեկ բարելի դիմաց, այլ օրվա ընթացքում տատանվում էր 58,5-ի սահմաններում: Նավթի գների և եվրոյի փոխարժեքի անկումը իրենց ազդեցությունն են թողել ռուսական արժույթի վրա. ռուբլին արժեզրկվել է դոլարի նկատմամբ՝ ավելանալով մոտ 80 կոպեկով: Սակայն այսքանով հունական հանրաքվեի արդյունքները չեն սահմանափակվի: Հունաստանը խոստանում է եվրոգոտու երկրներին պահել անընդհատ ցնցումների կամ դրա սպասման ռեժիմում:

Կիրակի օրը կայացած հանրաքվեի ժամանակ հույները «ոչ» ասացին վարկատուների կողմից Հունաստանին ներկայացված առաջարկների հիման վրա բանակցելուն՝ այդ պայմանները համարելով ստորացուցիչ: Հիմա Հունաստանը ինքը պետք է առաջարկներ ներկայացնի վարկատուներին, որոնք էլ կարող են մերժվել վարկատուների կողմից: Բոլորը կանխատեսում են, որ Հունաստանի և վարկատուների միջև համաձայնության կայացման հավանականությունը զրոյական է, և այդ երկիրը, ի վերջո, դուրս կգա եվրոգոտուց՝ շարունակելով մնալ Եվրամիության անդամ:

Արդյոք դա եվրոգոտու և ընդհանրապես միասնական Եվրոպայի վախճանի սկի՞զբն է, և Հունաստանին կհաջորդե՞ն այլ երկրներ ևս, թե՞ ԵՄ-ին կհաջողվի լոկալացնել և հաղթահարել հունական ճգնաժամը: Այս հարցի պատասխանը կստանանք առաջիկա ամիսների ընթացքում, բայց դրան զուգահեռ ականատես կլինենք հունական ճգնաժամի ազդեցությանը համաշխարհային տնտեսության և Հայաստանի վրա:

Հայաստանը եվրոգոտու կամ Եվրամիության անդամ չէ, ավելին՝ Հայաստանը նույնիսկ հրաժարվեց ստորագրել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը՝ նախընտրելով միանալ Ռուսաստանի նախաձեռնած եվրասիական տնտեսական ինտեգրացիային: Այս իմաստով հունական ճգնաժամը պետք է ընդունել որպես Ռուսաստանի հաղթանակ, որովհետև այդ երկիրը կարող է համարել, որ պետությունների միջև կայացած ամենահաջողված ինտեգրացիոն նախագիծը համարվող Եվրամիությունը ճաքեր է տալիս: Ռուսաստանը կարող է եվրաինտեգրացիայից ստիպողաբար կտրված Հայաստանին ասել, թե տեսեք՝ ինչ է տեղի ունենում բարգավաճող ու կայուն Եվրոպայում, ուր էիք դուք այդքան շտապում լինել այնտեղ:

Բայց մի՞թե ամեն ինչ այդքան միանշանակ է, և Հունաստանում տեղի ունեցածը պետք է համարել Ռուսաստանի և ԵՏՄ-ի թեկուզ փոքր, բայց տեսանելի հաղթանակ ԵՄ նկատմամբ: Չնայած ԵՄ կողմից կիրառված պատժամիջոցներին և դրան ի պատասխան Ռուսաստանի կողմից կիրառվող առևտրային սահմանափակումներին, ԵՄ-ն շարունակում է մնալ Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերը, ԵՄ երկրներում է սպառվում Ռուսաստանում արդյունահանվող նավթի ու գազի հիմնական մասը: ԵՄ-ում խնդիրների սրացումը կարող է պակասեցնել ռուսական արտահանումների քանակը՝ էապես ազդելով Ռուսաստանի տնտեսության վրա: Ինչպես նշեցինք նավթի համաշխարհային գները սկսել են էապես իջնել, իսկ որոշ կանխատեսումների համաձայն՝ դրանք կարող են ավելի մեծ անկում գրանցել՝ հասնելով վերջին տարիների համար ռեկորդային ցածր գների:

Մասնավորապես՝ որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ նավթի գները մինչև տարեվերջ կարող են իջնել մինչև 35 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչն ուղղակի կործանարար կարող է լինել Ռուսաստանի տնտեսության համար: Որոշ ռուս վերլուծաբաններ կանխատեսում են, որ տարեվերջին կարող են կրկնվել նախորդ տարվա դեկտեմբերյան իրադարձությունները, երբ ռուսական ռուբլին կայծակնային արագությամբ արժեզրկվում էր, երկրում առկա էր կանխիկ արժույթի պակաս, իսկ հնարավոր թանկացման սպասման մթնոլորտում խանութների վաճառասեղանները դատարկվել էին ապրանքներից»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ