Ապուշին էլ պարզ է
«Զարմացա, որ երբ գազի գինը բարձրացավ, այս էֆեկտը չեղավ, միանշանակ ապուշին էլ է պարզ, որ մի երկիր, որ ատոմակայան ունի, էլեկտրաէներգիա է վաճառում Վրաստանին, ու այնտեղ ավելի էժան է, քան մեր երկրում, հասկանալի է, որ ինչ-որ մի տեղ գողանում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն կարծիք հայտնեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը:
Նա համոզված է՝ միայն ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը չէ մեղավոր ստեղծված իրավիճակում: «Նա նույնիսկ կարող է քավության նոխազ դառնալ, որովհետև տեսնում ենք, թե ինչ դղյակներ ունեն ՀԷՑ-ի այլ աշխատողներ»:
Ըստ նրա՝ նախագահի վերջին ելույթից հասկանալի է, որ առանձնապես ոչինչ տեղի չի ունենալու աուդիտից հետո. «Մենք չենք հավատում ու չենք էլ վստահում, որովհետև բաժակը լցվել է: Ոչ մի լավ սպասելիք չկա»,-նկատեց Շահվերդյանը:
Միաժամանակ նա նշեց. «Ես վստահ եմ, որ այս հարցը լուծում ունենալու է, որովհետև բոլորն են դեմ, ու բոլորն էլ հասկանում են, որ այսպես չի կարող շարունակվել: Վստահ եմ, որ ոստիկանները, ովքեր կանգնած են Բաղրամյանում, ներքին ուրախությամբ ու սիմպատիայով լցված են մեր նկատմամբ»:
Երգահան Լիլիթ Պիպոյանը կարծում է, որ մեր երիտասարդները թաղված են հոռետեսության մեջ: «Ես չգիտեմ՝ ինչպիսի զարգացումներ կլինեն, քանի որ մենք յոթօրյա բողոքի դիմաց միայն ստացանք խոստում, թե որքանով արդյունավետ կլինի, ճիշտ կերպով կանցկացվի, թե ոչ աուդիտը, ժամանակը ցույց կտա:
Ամեն դեպքում այս բողոքից հետո այլևս նիրհ չի լինելու: Կարծում եմ, որ կարճ ժամանակ հետո ավելի սուր կերպով պահանջը կդրվի աուդիտի արդյունքների ու մուս խնդիրների համար»:
Պիպոյանը կարծում է, որ Բաղրամյան պողոտան շուտով կբացվի, քանի որ միտում կա նոսրանալու ու դադարի:
«Ափսոս կլինի, որ Բաղրամյանը բացվի, ես կուզեի, որ Բաղրամյանից այդ ամենը շարունակվի դեպի ուրիշ փողոցներ, քանի որ հասկանում եմ, որ այս ագրեսիվ պայքարն է ինչ-որ բանի հասնելու միջոց»,-արձագանքեց Սուրեն Շահվերդյանը: