28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Երեւան Ջուրը» հրաժարվում է. Հայոց աշխարհ

«Հայոց աշխարհն» անդրադարձել է ջրի սակագնի թանկացման հարցին՝ մասնավորապես նշելով.

«Ի տարբերություն Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի եւ էներգետիկ համակարգի այլ ընկերությունների, «Երեւան ջուրը» հրաժարվում է մայրաքաղաքում եւ հարակից մի շարք բնակավայրերում ջրամատակարարման սակագները բարձրացնելու վերաբերյալ ներկայացրած իր հայտից։ Ինչպես հայտնի է, տարեսկզբին ընկերությունը հանդես էր եկել նախորդ տարվա գործունեության արդյունքներով սակագները ճշգրտելու առաջարկությամբ։ 

Ըստ այդմ, նախատեսվում էր մանրածախ ջրամատակարարման-կեղտաջրերի հեռացման ծառայությունների գները բարձրացնել խոր. մետրի համար գրեթե 2,4 դրամով։ Այլ կերպ ասած՝ գործող 170,2 դրամից ընկերությունն ակնկալում էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանի 172,6 դրամ սակագին։ 

Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման թոհուբոհի մեջ ջրամատակարարների հայտը մի տեսակ հետին պլան մղվեց։ Եվ դա պատահական չէ, որովհետեւ ինչ-որ առումով դրանք փոխկապակցված են։

Ջրամատակարարման սակագների վրա ազդող չորս հիմնական գործոններից մեկը, որը հիմք է ընդունվում սակագինը սահմանելիս, վերաբերում է էլեկտրաէներգիայի գների փոփոխությանը։ Այն բանից հետո, երբ հոսանքի սակագնի հետ կապված որոշակի հստակեցումներ եղան, «Երեւան ջուրը» հրաժարվեց ջրամատակարարման ակնկալվող 2,4 դրամ թանկացումից։ 

Չի բացառվում, որ այս հարցում որոշակի ազդեցություն են ունեցել հասարակության շրջանում առաջացած դժգոհությունները, ինչպես նաեւ այն, որ առայժմ հոսանքի թանկացման 6,93 դրամ ծանրաբեռնվածությունը որոշել է ստանձնել կառավարությունը։ 

Ամեն դեպքում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հասցեագրած գրությամբ ընկերությունն իր այդ քայլը պայմանավորել է վերջին տարիներին էլեկտրաէներգիայի օգտագործման քանակների կրճատմամբ, ինչպես նաեւ հասարակության վրա այլ ոլորտներում հանրային ծառայությունների գների բարձրացման ծանրաբեռնվածությունն ինչ-որ չափով թեթեւացնելու անհրաժեշտությամբ.

-Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների ընթացքում «Երեւան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետեւողական աշխատանքի եւ անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսերը նվազեցնել ավելի քան 81 տոկոսով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է։ 

Հաշվի առնելով այս հանգամանքը եւ ելնելով ներկա փուլում հանրային ծառայությունների գների ավելացումների պայմաններում հաճախորդների բեռը թեթեւացնելու անհրաժեշտությունից՝ «Վեոլիա» ընկերությունը որոշել է չպնդել սակագնի ավելացումը եւ առաջարկում է այն թողնել անփոփոխ։

Հիմք ընդունելով այս առաջարկությունը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 7-ի նիստում պատրաստվում է անփոփոխ թողնել մայրաքաղաքում եւ հարակից որոշ բնակավայրերում, որոնք գտնվում են «Երեւան ջուր» ընկերության սպասարկման գոտում, ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների գործող սակագները։ 

Այս նախաձեռնությունը վկայում է, որ ցանկության դեպքում կարելի է խուսափել սակագների բարձրացումից եւ ֆինանսական խնդիրները լուծել այլ տարբերակով։ Ամեն դեպքում, սակագնային հայտից հրաժարվելը Երեւանի ջրամատակարարման ցանցի կառավարիչ ընկերության որոշումն է։ Խոսքը ֆրանսիական «Վեոլիա» ընկերության մասին է։ 

Վերջինս այս փուլում իր վրա է վերցրել սակագնի ճշգրտման ծանրաբեռնվածությո՞ւնը, թե՞ աշխատելու է խնայողական ռեժիմի միջոցով փակել կորուստները, ըստ էության, այնքան էլ կարեւոր չէ։ Այնպես չէ, որ «Երեւան ջուրը» խնդիրներ չունի, եւ նրան լրացուցիչ ֆինանսական միջոցներ հարկավոր չեն։ 

Պարզապես, կարելի է ասել, այս դեպքում ընկերությունը հանդես է եկել ոչ միայն որպես շահույթ հետապնդող կառույց, այլեւ որպես սոցիալական պատասխանատու ընկերություն։ Հատկապես որ այնպես չէ, երբ սակագների բարձրացումը մշտապես բերում է եկամուտների համարժեք ավելացման։ 

Կարո՞ղ էր նման քայլի դիմել նաեւ բաշխիչ էլեկտրացանցեր ընկերությունը եւ հրաժարվեր հոսանքի սակագները վերանայելու նախաձեռնությունից։ 

Անշուշտ կարող էր։ Սակայն դա պետք է աներ առաջին հերթին ընկերության սեփականատերը։ Այնպես, ինչպես ջրամատակարարման դեպքում անում է կառավարիչ ընկերությունը։  Ցավոք, «Ինտեր ՌԱՕ»-ն, ի տարբերություն «Վեոլիա» ընկերության, պատրաստ չէր դիմել նման քայլի եւ ստանձնել սակագների վրա առաջացած ճնշման ծանրաբեռնվածությունն այլ եղանակներով փակելու պարտավորությունը։ 

Նվազագույնը՝ կարելի էր բարի կամք դրսեւորել եւ հրաժարվել կուտակված պարտքերը մեկ տարվա ընթացքում հետ ստանալու պահանջից։ Եթե այդ գումարները համաչափորեն բաշխվեին մի քանի տարիների վրա, ապա կասկած չկա, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ծանրաբեռնվածությունը շատ ավելի թույլ կարտահայտվեր։ 

Սակագների վրա տարբեր գործոնների հետեւանքով առաջացած ճնշումը կարելի էր մեղմել նաեւ խնայողական ռեժիմներ կիրառելու եւ առանձին ծախսեր նվազագույնի հասցնելու միջոցով։  Բայց ակնհայտ է, որ Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր ընկերությունն ի սկզբանե նման մտադրություններ չուներ»։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ