Սուսանը դավաճանելով ամուսնուն՝ ավազակային հարձակում է բեմադրել.Ժամանակ

«Ժամանակ»-ի իրավական բաժնում կարդում ենք.
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սուսան Կ.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:
22-ամյա Սուսանը 2 երեխաների մայր է, ամուսնացած կին: Նա մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու՝ ծանր հանցագործության մասին սուտ հաղորդում տալու, կեղծ ապացույցներ սարքելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Սուսանն ամուսնացել է 2010 թվականին՝ 18 տարեկանում: Ամուսնական կյանքի ընթացքում երկու երեխաներ է ունեցել:Սուսանի հայրն ու եղբայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքով են զբաղվել: Հերթական անգամ նրանք ՌԴ են մեկնել 2014 թվականի աշնանը:
Սուսանի մայրն իր ոսկե զարդերը գրավադրել է «ՎՏԲ Հայաստան» բանկում և դեկտեմբերի 27-ին նույնպես մեկնել է Ռուսաստան՝ ամուսնու և որդու մոտ՝ դստեր՝ Սուսանի անունով թողնելով լիազորագիր՝ հետագայում գումարը մուծելու և ոսկեղենը գրավից հանելու համար:
Դեկտեմբերի 26-ից Սուսանն ամուսնու և երկու երեխաների հետ ժամանակավորապես բնակություն է հաստատել իր հայրական տանը:
2015 թվականի հունվարի սկզբին Սուսանի մայրը գումար է ուղարկել, Սուսանը վճարել է բանկի գումարը, հետ է ստացել մոր ոսկե զարդերը և պահել է տանը՝ պահարանում կախված վերարկուի գրպանում՝ ինչպես մայրն էր պահանջել :
Սուսանը ամուսնական պարտականությունների կատարմանն ու երկու մանկահասակ երեխաների խնամքով զբաղվելուն զուգահեռ այս ընթացքում համացանցի միջոցով ծանոթացել ու շփվել է Արմավիրի մարզի բնակիչ Աղասու (անունը փոխված է) հետ: Վերջինս շփումների ընթացքում գանգատվել է սրտացավ Սուսանին, թե ֆինանսական խնդիրներ ունի: Սուսանը խոստացել է օգնել նրան պարտքերը մարելու հարցում:
Ըստ դատական ակտի՝ Աղասուն նյութապես օգնելու նպատակով, ամուսնուց գաղտնի Սուսանը մորը պատկանող շուրջ 600 հազար դրամ արժողության ոսկե զարդերը հանել է պահարանում կախված վերարկուի գրպանից և 280 հազար դրամի դիմաց դարձյալ գրավադրել է, այս անգամ՝ «Կոնվերս» բանկում: Ստացված գումարը նա մաս-մաս տվել է Աղասուն: Վերջինս օրեր անց վերադարձրել է միայն 150 հազար դրամը:
Հունվարի 23-ին Սուսանը տեղեկացել է, որ նույն գիշեր ծնողները Ռուսաստանից վերադառնում են: Նա Աղասուց պահանջել է շտապ վերադարձնել իր գումարը, բայց Աղասին անկեղծորեն հայտնել է, որ ի վիճակի չէ ամբողջ գումարը վերադարձնելու, ինքը գումար չունի:
Մորը պատկանող ոսկե զարդերի բացակայությունը թաքցնելու նպատակով «հնարամիտ» Սուսանը ծայրահեղ քայլի է գնացել՝ կազմակերպել և իրականացրել է հայրական տան վրա ավազակային հարձակման… ձևացում:
Հունվարի 23-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 30-ի սահմաններում, Սուսանի ամուսինն ու ավագ որդին մեկնել են օդանավակայան՝ Սուսանի ծնողներին դիմավորելու:
Սուսանը տեղնուտեղը իրականացրել է իր հանցավոր մտահղացումը:
Նա տանը եղած կպչուն ժապավենով կապել է իր ոտքերը, այնուհետև, ըստ դատական ակտի՝ «ծնկների օգնությամբ» կապել է նաև իր ձեռքերը, ապա կպչուն ժապավենի մնացած մասը նետել է վառարան, իսկ ինքը պառկել է հատակին: Պառկելու ընթացքում պատահական վնասել է նաև քիթը՝ դիպչելով բազկաթոռին, ինչի հետևանքով քթից արյուն է եկել՝ ավելի «արյունալի» դարձնելով ավազակային հարձակման տպավորությունը: Սուսանը ձեռքերն ու ոտքերը միացրել է իրար և հատակին պառկել է զոհի կերպարի մեջ՝ ձևացնելով, թե ավազակներն են իրեն այդ վիճակին հասցրել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: