Time. կայացավ Դուբայում հանդես եկող ջազ խմբի ձայնասկավառակի շնորհանդեսը /վիդեո/
Այս օրերին երևանյան «Ուլիխանյան» ակումբում կայացավ ARS տրիոյի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը: Խումբը ձևավորվել է ԱՄԷ-ում, իր գործունեությունը հիմնականում ծավալում է Դուբայում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում պատմեց խմբի սաքսաֆոնահար Արթուր Գրիգորյանը: Նրան և խմբի երգեհոնահար Սամվել Գրիգորյանին տարիներ առաջ առաջարկ են արել հանդես գալ արտերկրում՝ Դուբայում և այնտեղ էլ առաջացել է տրիո ստեղծելու գաղափարը…
Երգեհոնահար Սամվել Գասպարյանը Երևանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ է։ Նա ավելի վաղ աշխատել է երևանյան տարբեր համույթներում, ինչպես նաև Հայաստանի պետական ջազ նվագախմբում։ Սաքսոֆոնահար Արթուր Գրիգորյանն անցել է գրեթե նույն ստեղծագործական ճանապարհը` կոնսերվատորիա, Ռադիոյի և հեռուստատեսության նվագախումբ, Art Voices խումբ։ Նրանց է միացել լիբանանցի թմբկահար Ռանի Աֆիֆը, ով ևս սեփական նախագծեր է իրականացրել, ելույթ է ունեցել բազմաթիվ աստղերի հետ։ Խումբը համերգներ է ունենում տարբեր տեղերում՝ Հայաստանում, Վրաստանում, Դուբայում:
Ինչու եք որոշել Հայաստանում անել ձայնասկավառակի շնորհանդեսը, հարցրինք Արթուրին. «Որովհետև հայ ենք»,-եղավ պատասխանը: Ալբոմը կրում է «Time» անունը, ներկայացված են վեց կատարումներ: Ի դեպ, խումբն արդեն մտածում է երկրորդ ալբոմի թողարկման մասին: Իսկ ինչով են նրանք տարբերվում այլ խմբերից, արդյոք մրցակցություն կա ջազ կատարող խմբերի միջև, և ի վերջո արդյոք դժվար չէ՞ հանդես գալ ոչ հայրենիքում արևելյան հանդիսատեսի համար, այս և այլ հարցերի պատասխանը՝ տեսանյութում: