«Սենց առիթ ե՞րբ է եղել» /վիդեո/
«Կարծես թե մենք այս վերջին օրերին ժողովրդի վերակենդանացմանն էինք ականատես լինում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը՝ խոսելով բաղրամյան պողոտայի իրադարձություններից: Նրա համար ողջունելի է այն, որ երիտասարդները քաղաքականցված չեն: «Ցավալի է, սակայն, այն, որ կենդանի պատի նկատմամբ էլ վստահություն չկա ժողովրդի կողմից: Նախագահի վերջին հայտարարության մոջ մտահոգություն կար, որ անվստահություն կա, այն պետք է հաղթահարվի»,-նշեց նա:
Սակայն ըստ Շահումյանի՝ ժողովուրդը շատ լավ տեղյակ է թալաններից և չի կարող վստահությունը վերականգնել՝ նման կերպ շարունակելով:
Երգահան Վահան Արծրունին հավելեց, որ հիմա բավական նախապայմաներ են ստեղծված, որ խնդիրը բարձրացվի լուրջ իրավագիտակական բանակցային մակարդկաի վրա: «Սենց առիթ ե՞րբ է եղել, նախագահը պատրաստ է, սենց պայմաններ ե՞րբ են եղել»,-հարցրեց նա:
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի համոզմամբ էլ՝ շնորհակալ պետք է լինենք իշխանություններին, որ իրենց այսքան քաղաքակիրթ պահեցին: Սա զարմացրեց Վահան Արծրունուն. «Էլ չլինե՞ր առաջին օրվանից հետո»: Գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ բարձրացրեց մեկ այլ հարց, որ էլեկտրաէներգիայի հարցը սկսվում է լույսի տեսուչներից ու ավարտվում է նախարարով: «Միշտ հավելագրումներ են անում: Ժողովրդի գողացվածը պետք է վերադարձնենք աստիճանաբար, ի՞նչ է նշանակում ջուրը տալ իտալացուն, գինին ֆրանսիացուն, ժողովրդին էսքան թալանել, ստորացնել, նսեմացնել հերիք է»,-ասաց Գասպարյանը: