27 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Աբովյանում եղբայրը թրաֆիկինգի է ենթարկել քրոջն ու նրա երեխաներին. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց 38-ամյա Արամ Ներսիսյանի և նրա կնոջ՝ 40-ամյա Անահիտ Օհանյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ Աղավնի Ն.-ն մինչև 2008 թվականը իր ընտանիքով՝ ամուսնու և 1999, 2001, 2002, 2008 թվականներին ծնված երեխաների հետ բնակվել է իր ծնողներից ժառանգած բնակարանում, իսկ 2008 թվականից հետո՝ շենքին կից տեղակայված տնակում:

Ընտանիքն ապրել է վատ պայմաններում: Ընտանիքի հայրը համարյա չի վաստակել, Աղավնին զբաղվել է բանջարեղենի առևտրով, աղբանոցներից հավաքած շշեր իրացնելով, Աբովյանի ու Երևանի մարդաշատ վայրերում տարիներ շարունակ մուրացականությամբ գումարներ հավաքելով:

Նա մուրացկանության մեջ ներգրավել է նաև իր անչափահաս երեխաներին: 1999 թվականին ծնված որդին՝ Ի.-ն և 2002 թվականին ծնված դուստրը՝ Ռ.-ն կարողացել են ինքնուրույն մուրացականություն անել Երևանում:

Երեխաներին մուրացկանության մեջ ներգրավելու, աշխատանքային շահագործման ենթարկելու համար Աղավնին վերջերս դատապարտվել է, ենթարկվել է պայմանական դատապարտության:

Աղավնիի կրտսեր եղբայր Արամ Ներսիսյանը, ըստ դատական ակտի, հակում ունի ալկոհոլի նկատմամբ, նրա մոտ առկա են ալկոհոլի գործածման հետևանքով առաջացած հոգեկան ու վարքային խանգարումներ: Արամը 1998 թվականից մինչև 2008 թվականը կնոջ՝ Անահիտի ու երեխաների հետ ապրել է Ռուսաստանում:

Այնուհետև նա ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, մի քանի ամիս բնակվել ծնողներից ժառանգած բնակարանում՝ Աբովյանում: Բնակարանի վաճառքից հետո Արամի ընտանիքը, ինչպես Աղավնիի ընտանիքը, բնակություն է հաստատել շենքի հարևանությամբ տեղակայված մեկ այլ տնակում:

Քրոջ ընտանիքի նկատմամբ Արամը «տաղտկալի վերաբերմունքի և վիճաբանությունների արդյունքում հաստատել է անհաղթահարելի ազդեցության ու վախի մթնոլորտ»՝ ըստ դատական ակտի:

Արամը ծնողների բնակարանը 15 հազար դոլարով վաճառելու նպատակով 2008 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերել մի գնորդուհու հետ, բնակարանը սեփականաշնորհելու և անձնական կարիքների համար նրանից մաս-մաս ստացել է 7 հազար դոլար: Բնակարանի սեփականաշնորհման ձգձգման պատճառով կողմերի պայմանավորվածությունը չեղյալ է համարվել, բայց վերցրած ամբողջ գումարը Արամը գնորդուհուն վերադարձնել չի կարողացել:

Ըստ դատական ակտի՝ «մնացած պարտքը մարելու համար Արամ Ներսիսյանը, օգտագործելով քրոջ հանդեպ ունեցած իր արդեն բացահայտված ազդեցությունը, կնոջ՝ Անահիտի հետ նախնական համաձայնությամբ Աղավնիին, նրա կամքին հակառակ, ստիպել է, որ մուրացկանությամբ հավաքած գումարներից Աղավնին իրենց տա օրական 2-3 հազար դրամ… Աղավնին համաձայնել է ճարահատյալ…»:

Դրանից հետո, ըստ դատական ակտի, մինչև 2012 թվականի վերջերը Աղավնին գտնվել է Արամի ու Անահիտի կողմից աշխատանքային շահագործման վիճակում՝ օրական 2-3 հազար դրամ վճարելով վերը հիշատակված չկայացած գնորդուհուն և մարելով եղբոր պարտքը:

Եղել են դեպքեր, երբ պարտքի վերադարձն ուշացնելու պատճառով Արամն ու Անահիտը վիճել են Աղավնիի հետ, ծեծի են ենթարկել նրան:

Դատական ակտում նշված է, որ նույն ժամանակ Արամ Ներսիսյանը այլ գնորդի 15 հազար 500 դոլարով վաճառել է հայրական բնակարանը, բայց նախորդ գնորդուհու պարտքը չի մարել, այդ մարումը թողել է քրոջ ուսերին և կնոջ հետ նրան ենթարկել է աշխատանքային շահագործման:

2012 թվականից մինչև 2013 թվականի գարուն Արամն ու Անահիտը իրենց ընտանիքի կարիքները հոգալու նպատակով Աղավնիի երկու անչափահաս երեխաներին՝ որդուն՝ Ի.-ին ու դստերը՝Ռ.-ին, պահել են իրենց տնակում, երեխաների նկատմամբ բռնությունների, պարբերաբար ծեծելու կամ ծեծի սպառնալիքների ազդեցության տակ ստիպել են, որ երեխաները զբաղվեն մուրացկանությամբ:

Երեխաները, որ նախկինում շահագործվել էին իրենց մայրիկի կողմից, հիմա էլ շահագործվել են քեռու և քեռակնոջ կողմից՝ Աբովյանում ու Երևանում զբաղվել են մուրացկանությամբ, իսկ օրվա վերջին նրանց հավաքած գումարները տնօրինել են Արամն ու Անահիտը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ