07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ցանկանում է հանդիպել վարչապետին

Ս.թ. հունիսի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանում քաղաքացիական ավիացիայի հարցը, «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը վերափոխելու վերաբերյալ Կոնցեսիոների կողմից ներկայացված նոր առաջարկը:
 
   Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ելույթ ունենալով՝ ՀԽ անդամները վերահաստատել են իրենց մոտեցումները, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հիմնավոր չէ,  հանրության կողմից առաջացած բողոքի ալիքն արդարացված է և կանխատեսելի, և որ իշխանությունները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն՝ բավարարելու քաղաքացիների արդարացի պահանջն ու կանխելու հետագա առավել ծանր զարգացումները:
 
       Հանրային խորհուրդը որոշել է ներկա իրավիճակի վերաբերյալ հանդես գալ հատուկ հայտարարությամբ:
Օրակարգի երկրորդ հարցի՝ Հայաստանում քաղաքացիական ավիացիայի հարցի քննարկմանը մասնակցել են նաև ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի անդամները՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները ոլորտի խնդիրների վերաբերյալ և հանդես եկել մի շարք առաջարկներով:
Ենթահանձնաժողովի անդամները, որոնք քաղավիացիայի ոլորտի բարձրակարգ մասնագետներ են, հատկապես մտահոգիչ են համարել այն, որ Բաց երկնքի քաղաքականության ընդունումից հետո քաղավիացիայի ոլորտը զարգանալու փոխարեն հետընթաց է արձանագրել:
 
       ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ենթահանձնաժողովի անդամներին առաջարկել է կամակերպել ևս մեկ քննարկում, հստակեցնել առաջարկները, որից հետո Հանրային խորհուրդը կդիմի ՀՀ վարչապետին՝ հանդիպելու և վերջինիս հետ քննարկելու ոլորտի խնդիրներն ու ներկայացվող առաջարկները:
 
  Օրակարգի վերջին հարցը՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը վերափոխելու վերաբերյալ Կոնցեսիոների կողմից ներկայացված նոր առաջարկը, ներկայացրել է ՀԽ քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ, «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանը: Նա տեղեկացրել է, որ հարցը քննարկման է դրվել ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովի նիստում, սակայն քննարկումն ամբողջական չի եղել, քանի որ հակառակ կողմը, որը հրավիրված է եղել նիստին, չի ներկայացել և պարզաբանումներ չի տվել իր առաջարկի մասին:
 
   Այնուհետև Գրիգոր Ազիզյանը, ներկայացնելով Կոնցեսիոների կողմից առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ լուսանկարները, հայտարարել է, որ այն, ինչ առաջարկում է Կոնցեսիոները, խաթարում է հին ուղևորային համալիրի ամբողջական տեսքը, սակայն կա իրատեսական հնարավորություն այն վերաշահագործելու՝  առանց շենքը քանդելու, փոխարենն այն ամրացնելու միջոցով, ինչը ոչ միայն կպահպանի շենքի ամբողջական տեսքը, այլև մի քանի անգամ առավել քիչ ծախսեր կպահանջի:
 
  Վազգեն Մանուկյանը հանձնարարել է հարցը քննարկման դնել ՀԽ համապատասխան մյուս ենթահանձնաժողովներում և քննարկումների արդյունքները ներկայացնել Հանրային խորհուրդ:
   
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ